Լեգենդար «Բիթլզի» շրջագայությունների բացառիկ լուսանկարները կզետեղվեն քառյակի 50-ամյակի կապակցությամբ լույս տեսնելիք կոլեկցիոն ալբոմում:
272 էջանոց հրատարակության հեղինակը բրիտանացի լուսանկարիչ Հարրի Բենսոնն է, որը գրեթե անսահմանափակ մատչում ուներ լեգենդար «լիվերպուլյան քառյակի» անդամներին ԱՄՆ ու Եվրոպա կատարած համերգային շրջագայության ժամանակ: Այս մասին հայտնում է ITAR-TASS գործակալությունը:
Սև-սպիտակ արտահայտիչ կադրերում «բիթլզները» երաժշտություն են գրում, ելույթ են ունենում համերգասրահներում, հանդիպում են երկրպագուների հետ, հանգստանում ու շփվում են միմյանց հետ: Բացի մի քանի հարյուր լուսանկարներից, որոնցից շատերն ընթերցողներն առաջին անգամ կտեսնեն, գրքում կա նաև Բենսոնի էսսեն, ինչպես նաև արտահայտություններ ու քաղվածքներ այն ժամանակվա թերթերից ու ամսագրերից:
«Այդ լուսանկարներն արտահայտնում են նրանց (Բիթլզների) ու ինձ համար երջանիկ մի շրջան: Նրանք անկասկած 20-րդ դարի մեծագույն խմբի անդամներն էին, այդ իսկ պատճառով էլ շատ կարևոր են լուսանկարները»,- գրքի նախաբանում գրել է Բենսոնը:
Լուսանկարիչը ստեղծել է լուսանկարչական վառ շարք երաժիշտների` ԱՄՆ կատարած ուղևորությունից, այդ թվում` «Էդ Սալիվանի շոու»-ում ելույթից, նրանց մասնակցությամբ A Hard Day’s Night խաղարկային ֆիլմի նկարահանման աշխատանքներից:
Ապրիլի վերջին լույս տեսնելիք ալբոմը բաղկացած կլինի 1964 օրինակից, որոնց վրա առկա կլինի հեղինակի ստորագրությունը: Գրքի արժեքը 450 ֆունտ ստեռլինգ է (մոտ 715 դոլար):






































