Քրդական Fırat լրատվական գործակալությունը, վկայակոչելով ամերիկյան Los Angeles Times թերթին, հայտնում է, որ Թուրքիա փախած սիրիացի փախստականները զղջում են այդ երկրում ապաստան գտնելու վերաբերյալ իրենց կայացրած որոշման համար:
Ներկայիս դրությամբ՝ Թուրքիայում է գտնվում 20,000-25,000 սիրիացի փախստական: Նրանք, գաղթելով Թուրքիա, հայտնվել են թակարդի մեջ: Թուրքիան պատրաստ չէր ընդունել հազարավոր գաղթականներին: Հազարավոր սիրիացիներ շարունակում են մնալ վրանային ճամբարներում՝ չկարողանալով գնալ ոչ առաջ, ոչ էլ հետ: Նրանք յուրօրինակ թակարդում են:
Այն ժամանակ, երբ Թուրքիան սիրիացի փախստականների հարցով դիմում է ՄԱԿ-ի ու միջազգային հանրության օգնությանը, նրանք գտնվում են վատթար վիճակում: Անգամ գրանցվում են կաշառակերության դեպքեր: Սիրիացի մի կին թերթին հայտնել է, որ Թուրքիա մուտք գործելիս իրենց 7 ժամ սպասեցրել են անձրևի տակ և ներս են թողել միայն այն բանից հետո, երբ ամուսինը 200 դոլար կաշառք է տվել: