Լիբիացի զինյալները Թունիսի սահմանամերձ Ալ-Գուսիմ շրջանում՝ Ռաս- Ջիր վերահսկիչ-անցակետի մոտ, առևանգել են Թունիսի 5 քաղաքացու: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Թունիսի իրավապահ մարմիններին:
Հայտնի է, որ Թունիսի քաղաքացիները Լիբիա վառելիք էին տեղափոխում: Նրանց առևանգել են վառելիքի և տրասնպորտային միջոցների հետ:
Թունիսի սահմանամերձ շրջանների բնակիչները հատել են Լիբիայի սահմանը՝ պահանջելով ազատ արձակել իրենց համերկրացիներին: Թունիսի սահմանապահները բանակցություններ են վարում Լիբիայի իրենց գործընկերների հետ վաճառականներին ազատելու համար: Թունիսյան մամուլը գրում է, թե սա առաջին դեպքը չէ, որ Լիբիայում թունիսցիներ են առևանգվում:
Լիբիայի հետ սահմանակից Թունիսի շրջաններում վերջին ժամանակներս անվտանգության ոլորտում դրությունը զգալիորեն վատացել է: Այստեղ նախկինի պես շարունակվում են բախումները տարբեր զինված խմբավորումների և ցեղերի միջև:
Լիբիայի նոր իշխանությունները Մուամար Քադաֆիի տապալումից հետո չեն կարողանում զինաթափել տասնյակ անկախ զինված խմբավորումներին, որոնք պայքարում էին նախկին վարչակարգի դեմ:






































