«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը:
– Նունե, վերջին տարիներին շատ է խոսվում այն մասին, որ քաղաքացիական հասարակություն է ձևավորվել: Որքանո՞վ եք Ձեզ քաղաքացիական հասարակության մաս համարում և որքանո՞վ են Ձեզ ոգևորում քաղաքացիական հարթությունում այս օրերին տեղի ունեցող պրոցեսները:
– Յուրաքանչյուրը՝ անկախ իր մասնագիտությունից, քաղաքացի է և հասարակության մի մասն է, ինչ էլ անի՝ չի կարող անմասն մնալ: Բացի այդ, չմոռանանք, որ սա նաև Հայաստանն է: Եթե արտասահմանում մարդիկ կարող են իրենց թույլ տալ անկախանալ, կտրվել ամեն ինչից և մնալ աստղ, մեզ մոտ այդպես չէ, մեզ մոտ մարդկայինն է ավելի շատ, վերջիվերջո` կա խիղճը, և պետք է ամեն ինչին մասնակցել, և ես մասնակցում եմ:
– Արտասահմանում շոու-բիզնեսի աստղերը տարբեր ՀԿ-ներ ունեն, ակտիվորեն ներգրավված են այս կամ այն քաղաքացիական շարժմանը, մասնակցում են, օրինակ, կանաչների շարժմանը: Վերջին տարիներին ո՞ր քաղաքացիական շարժումն է Ձեզ հարազատ և ո՞րն եք Դուք ողջունում՝ բանակի՞, էկոլոգիայի, թե՞ Մաշտոցի այգում հանրային տարածքի վերանվաճման:
– Բոլորն էլ ողջունելի են, վերջիվերջո` բոլորն էլ լավ գործ են անում: Կարծում եմ՝ բոլորն էլ կարևոր են, և եթե ես ասեմ՝ էկոլոգիան կարևոր է, բանակը՝ ոչ, կամ հակառակը, հնարավոր չէ մեկը մյուսից անջատել, բոլորն էլ մեկը մյուսից կարևոր են: Ես կարծում եմ՝ բոլորն էլ կարևոր են, և ես ուղղակի կամ անուղղակի փորձում եմ իրենց կողքին լինել: Բայց ես նույնպես ունեմ իմ հասարակական կազմակերպությունը, որն արդեն երկու տարի է՝ գործում է, և փորձում եմ օգնել տաղանդավոր մարդկանց՝ երաժիշտ, երգիչ, թե նկարիչ: Եթե պետք է, եթե տաղանդավոր է և հնարավորություն չունի, մենք իրենց կողքին ենք:
– Նունե, Դուք ժամանակ առ ժամանակ լինում եք զորամասերում, դիրքերում շփվում զինվորների հետ, երգում նրանց համար: Վերջին մեկուկես տարվա ընթացքում բանակում տեղի ունեցող իրադարձությունների մասին բոլորս շատ ենք տեղեկանում: Դուք՝ որպես բանակի մասին երգող երգչուհի, ինչպե՞ս եք մոտենում այն ցավոտ խնդրին, երբ գրեթե ամեն օր սպանված զինվորի լուր ենք ստանում:
– Այս հարցին մի քանի ձևով պատասխանեմ. միգուցե նախկինում էլ էր լինում, պարզապես մենք այդքան տեղեկացված չէինք, հիմա տեղեկատվությունը բաց է, և ամեն ինչի մասին հաջորդ օրը տեղյակ ենք լինում: Սա մի կողմից լավ է, և իհարկե բանակն ազգի հպարտությունն է: Յուրաքանչյուր մարդ պետք է հպարտ լինի, որ իր զավակը գնա բանակ, ծառայի, մի քիչ տղամարդ դառնա, բայց պետք է ապահով լինեն և՛ մայրը, և՛ զավակը՝ իմանալով, որ չի գնում զոհվելու, այն էլ անհեթեթության պատճառով: Նախ` մեր երիտասարդության մեծ մասը գնում է բանակ՝ չիմանալով, թե ուր է գնում, իրենց թվում է՝ խաղ ու պար է, և երկրորդ՝ ընտանիքը մինչև բանակ գնալը պետք է երեխայի հետ ուսուցողական դաս անցկացնի, միայն մայր հայհոյելու համար զինվորի կյանքը խլես, սա մեր ազգի դժբախտություններից է: Մեր երիտասարդները պետք է մի քիչ ավելի գիտակից լինեն, միայն բանակի ղեկավար կազմին մեղադրել` այդքան էլ ճիշտ չէ, պետք է դպրոցներում և նաև ծնողներն աշխատանք տանեն, որ երեխան գնա բանակ և հասկանա, որ այնտեղ կռվի դեպքում, եթե անգամ զենք կա քեզ մոտ, դա չի նշանակում պետք է անպայման կրակել:
– Կարծիք կա, որ բանակում խնդիր կա սպայական կազմը վերափոխելու, նորացնելու, քանի որ մեզանում Սովետական Միության ժամանակներից մնացած սպայակազմ է:
– Պետք է յուրաքանչյուր զինվորի հետ աշխատանք տանել, որ նրանք հետագայում ցանկություն ունենան շարունակել մնալ բանակում և դառնալ սպաներ, գեներալներ: Դրա համար պետք է լուրջ աշխատանք տանել, պետք է քաջալերել: Ես կարծում եմ՝ սպա լինելու համար դու պետք է շատ բաներ զոհես: Ես տեսնում եմ՝ սպաների ընտանիքներն ինչ վիճակում են լինում և կարծում եմ՝ պետք է շատ լավ դաշտ ստեղծվի, որ նրանք ցանկություն ունենան մնալ այնտեղ:
– Արդյոք Ձեր և մյուս երգիչների երգած երգերը բարձրացնո՞ւմ են զինվորների հայրենասիրական ոգին:
– Դա փոքրիկ ժամանակահատված է: Այդ պահին կարող են շատ ոգևորվել, մյուս օրը մոռանալ և իրենց սովորական կյանքով ապրեն: Կարծում եմ՝ այնտեղ միջոցառումներն այնպիսին պետք է լինեն, որ անընդհատ հիշեցնեն դրա մասին, եկել է հայրենիք պաշտպանելու և ոչ թե հենց այնպես ժամանակ անցկացնելու, պարտքը կատարի և գնա տուն:
– Այս խորհրդարանական ընտրություններին շոու-բիզնեսը որոշակի ներգրավվածություն կունենա Ազգային ժողովում: Երբ հնչեց Շուշան Պետրոսյանի անունը ՀՀԿ համամասնական ցուցակում, կարծիք էր հնչում, թե ո՞ւր է Նունե Եսայանը, ինչո՞վ է պայմանավորված Ձեր՝ ցուցակներում չընդգրկվելը, առաջարկ չի՞ եղել, թե՞ Ձեզնից վանել եք քաղաքականությունը:
– Ես փոքրուց, կարծես թե, կտրված եմ եղել մասսայից, ամբոխից, շատ մարդկանցից, նույնիսկ երբ երգչուհի էի ուզում դառնալ, ես ուզում էի բեմում լինել և չէի մտածում, որ այդքան մարդկանց հետ պետք է շփվել: Եվ մինչև հիմա էլ ունեմ այդ բնավորությունը, ես չեմ սիրում շատ մարդիկ, ես չեմ սիրում աշխույժ լինել, երբեմն ես փակվում եմ, իսկ Շուշանը ունի ուրիշ բնավորություն, սիրում է շփվել մարդկանց հետ, բանակցել, կռվել: Այսինքն՝ ինքը բնավորությամբ ուրիշ մարդ է, ես՝ ուրիշ, չնայած որ մենք շատ լավ ընկերներ ենք, բայց ես շատ հեռու եմ քաղաքականությունից և ինձ երբևէ չեմ տեսնում քաղաքականության մեջ:
– Իսկ առաջարկե՞լ են Ձեզ:
– Ո՛չ, չի եղել: Հավանաբար իմանալով իմ բնավորությունը՝ դրա համար էլ չի եղել առաջարկ: Ես ունեմ հասարակական կազմակերպություն, բայց ես կարող եմ միայն կողքից օգնել, չլինել դրա մեջ:
– Մեծ հաշվով քաղաքականությունը կեղտո՞տ ոլորտ է…
– (Ժպտում է): Կարծում եմ՝ ոչ կայուն ոլորտ է, այսօր մի բան է, վաղը` մի ուրիշ բան, և դու պետք է շատ ճկուն լինես, որ կարողանաս բոլոր փորձություններին դիմանալ, ես սիրում եմ ստաբիլություն, ես իմ գործն եմ անում, իմ երգն եմ երգում և ինձ չեմ տեսնում դրա մեջ:
– Սակայն նախորդ անգամ ՀՀԿ քարոզարշավին մասնակցեցիք, ասում էիք, որ Սերժ Սարգսյանն ապացուցել է, որ իր խոսքը գործ է: Այս անգամ հիասթափությո՞ւն կա, որ որոշել եք չմասնակցել քարոզարշավին:
– Չէ՛, դեռ նախագահական ընտրությունները չեն մոտեցել:
– Խորհրդարանական ընտրությունները պակա՞ս կարևոր են:
– Այստեղ մեկ հոգու ընտրություն չէ, մի ամբողջ կուսակցության ընտրություն է, և այդ կուսակցության մեջ կան շատ տարբեր մարդիկ, և ես չեմ կարող տարբեր մարդկանց համար գնալ և ձայն տալ, կոնկրետ մարդու համար կարող եմ: Երբ կգա նախագահական ընտրությունների ժամանակը, այն ժամանակ կմասնակցեմ:
– Ըստ երևույթին այս անգամ Ձեր ձայնը չեք պատրաստվո՞ւմ տալ ՀՀԿ-ին:
– (Ժպտում է) Ես այդպիսի բան չասացի, ուղղակի քարոզարշավին չեմ մասնակցի:
– Ընտրության գնալո՞ւ եք:
– Եթե քաղաքում լինեմ, անպայման:
– Իսկ ինչպե՞ս եք մոտենում մյուս երգիչների՝ քարոզարշավին մասնակցելուն, փող աշխատելո՞ւ միջոց է, բիզնե՞ս է, ի՞նչ է:
– Ամեն մարդ իր նպատակն ու իր պատճառն ունի մասնակցելու, չեմ կարող որևէ մեկի անունից ասել. մեկի համար գումար վաստակելու միջոց է, մյուսը միգուցե ունի ընկերներ, որոնց իր ձայնն է տալիս, այնպես որ` ամեն մեկն իր պատճառն ունի:
– Նունե, այս օրերին Մաշտոցի պուրակում ապամոնտաժման աշխատանքներ են կատարվում, ըստ Ձեզ՝ նոր Հայաստանի ծնունդ կարո՞ղ է լինել, երբ ինքնորոշված քաղաքացիները հաղթեն, սա փոփոխությունների տանող ճանապարհ կլինի՞:
– Հետևում եմ այդ գործընթացին և միմիայն կարող եմ կողմ լինել: Բոլոր այն մարդիկ, ովքեր մասնակցում են ապամոնտաժման աշխատանքներին (ես ուղղակի ֆիզիկապես այնտեղ չեմ լինում, բայց մենք ընկերներով երբեմն տանը քննարկում ենք այդ թեման, և բոլորս էլ, իհարկե, շատ ջղայնացած ենք), քաղաքում իսկապես այգիները կամաց-կամաց վերանում են, և կարծում եմ՝ երբ մենք կհաղթենք, միմիայն կարող եմ ուրախ լինել, եթե կամաց-կամաց վերականգնվեն մեր այգիները, վերակառուցվեն և շատանան: Օրինակ՝ այսօր բնակվում եմ նորակառույց շենքերից մեկում, որը ոչ բակ ունի, ոչ էլ երեխայի համար խաղահրապարակ:
– Ըստ Ձեզ` ի՞նչն է պատճառը, որ այս մի քանի կրպակներն այդպես էլ չեն տալիս, կա այսքան մեծ ընդվզում, ինչո՞ւ իշխանությունը ի վերջո չի նահանջում և չորս կրպակի հարցն ի վերջո չի լուծում:
– Պատճառները հայտնի են բոլորիս. տրվել են խոստումներ՝ մի տեղից քանդում ենք, այստեղ կտանք, փոխհատուցելու պայմանագրեր են եղել, և հիմա այդ մարդիկ փորձում են կատարել իրենց խոստումները, և նրանց հետևում կանգնած են ուժով մարդիկ: Դրա համար էլ լարվածություն է ստեղծվել, բայց կարծում եմ՝ խոստումներ տալուց առաջ մի քիչ պետք է մտածել և հասկանալ՝ ուր ենք գնում և ինչ հետևանքներ կարող են ունենալ:
– Հնարավո՞ր է՝ այս օրերին գնաք պուրակ և ֆիզիկապես Ձեր աջակցությունը հայտնեք:
– Իհարկե հնարավոր է, և եթե մինչև այցելելս չլուծվի այդ հարցը, ես էլ կգնամ և հետևողական կլինեմ՝ տեսնեմ՝ ինչ է ի վերջո կատարվում:
– Ի վերջո հասարակությունը պետք է հաղթի՞:
– Ով ճիշտ է, նա էլ պետք է հաղթի, այս դեպքում հասարակությունը, վստահ եմ, որ պետք է հաղթի:









































