«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Սամվել Ալեքսանյանը, որը ոչ միայն Yerevan City սուպերմարկետների սեփականատերն է, այլև շաքարավազի և լայն սպառման տարբեր ապրանքատեսակների մենաշնորհային խոշոր ներկրող, օրերս հանդիպումներ է ունեցել Շենգավիթի ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների այն խանութների սեփականատերերի ու մատակարարների հետ, որոնք ներառվում են իր եւ թիվ 8 ընտրատարածքում առաջադրված Կորյուն Նահապետյանի ընտրատարածքներում:
Սամվել Ալեքսանյանը հորդորել է նրանց` եթե ուզում են նորմալ և արտոնյալ պայմաններով շարունակել աշխատել` պետք է այդ ընտրատարածքներում իրենց ձայնը տան իրեն և Կորյուն Նահապետյանին ու քվեարկեն ՀՀԿ-ի օգտին: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Ալեքսանյանին հակառակվողներ չեն եղել:
Հիշեցնենք, որ թիվ 7 ընտրատարածքում Սամվել Ալեքսանյանի հիմնական մրցակիցը «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն է, իսկ թիվ 8-ում ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանի հետ մրցակցում են ՀՅԴ-ից Արթուր Եղիազարյանը, ՀԱԿ-ից` Վահագն Խաչատրյանը, ինչպես նաև «Սուրբ Աստվածամայր» պոլիկլինիկայի վարիչ Գագիկ Պետրոսյանը:





































