Ավտոարտադրող Ford Motor ընկերությունը հետ է կանչում մոտ 140 հազար Ford Focus ավտոմեքենա` դիմապակու մաքրիչների հետ կապված թերությունների պատճառով, հաղորդում է UkraNews-ը:
Հետկանչին ենթակա են այն մեքենաները, որոնք արտադրվել են 2010 թ. օգոստոսի 1-ից հոկտեմբերի 18-ը: Ապակու մաքրիչի շարժիչի մեջ կարող է բացակայել էլեկտրահաղորդալարերի մեկուսացումը, ինչը անձրևաջրի ներթափանցման ժամանակ կարող է հանգեցնել մաքրիչի վնասվելուն:
Ընկերությունում բացատրել են, որ այդ թերության պատճառով դիմապակին չի մաքրվի, որի պատճառով կմեծանա ճանապարհատրանսպորտային վթարների ռիսկը: Միաժամանակ, նշված թերության պատճառով տեղի ունեցած վթարների մասին տեղեկություն չկա:
Մայիսի վերջին Ford-ը կսկսի հետկանչված ավտոմեքենաների թերթությունների վերացման աշխատանքները, որոնք կլինեն անվճար:
Գրեթե մեկ տարի առաջ հետ էին կանչվել 2004-2006 թթ. արտադրության մոտ 1 միլիոն F-150 պիկապներ` անվտանգության բարձիկների թերության պատճառով:








































