«Լույս» հիմնադրամի աջակցությամբ արտերկրների առաջավոր բուհերում ուսանած հայ երիտասարդները պետական կառույցներում իրենց համապատասխան աշխատանք չեն գտել:
«Առաջին լրատվական»-ի հարցադրմանն ի պատասխան՝ հայրենիք վերադարձած ուսանողները հեշտությա՞մբ են աշխատանք գտել և որտե՞ղ, հիմնադրամից հայտնեցին, որ «Լույս»-ի` Հայաստանում գտնվող բոլոր ուսանողներն աշխատանք ունեն: Նրանց 13.3%-ն աշխատում է միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցչություններում, 66.6%-ը ներգրավված է տարբեր ոլորտների մասնավոր կազմակերպություններում, իսկ 20%-ն ստեղծել է սեփական գործը` դառնալով գործատու:
«Լույս» հիմնադրամն ուսման գործում աջակցում է հայ երիտասարդների արդեն երրորդ սերնդին: Մինչ օրս «Լույսն» ունեցել է 173 ուսանող: Հիշեցնենք, որ «Լույս» հիմնադրամն իր գործունեությունն սկսել է 2009 թվականից:
Առաջին տարում` 2009-2010թթ., «Լույս»-ի ուսանողները 43 էին (նրանցից 28-ը ՀՀ քաղաքացիներ), երկրորդ տարում` 2010-2011թթ.` կրթաթոշակառուների թիվը հասավ 69-ի, նրանցից 55-ը` ՀՀ քաղաքացիներ, իսկ երրորդ` ընթացիկ տարում` 2011-2012թթ., կրթաթոշակառուները 121-ն են, որոնցից 93-ը՝ ՀՀ քաղաքացի:
«Լույս»-ի 2010թ. 10 շրջանավարտներից 8-ն ապրում և աշխատում են Հայաստանում, 8-ից 4-ն էլ այլ երկրների քաղաքացի են` Կանադա, Շվեդիա, ԱՄՆ և Ռուսաստան: Շրջանավարտների մի մասը շարունակում է սովորել, սակայն արդեն «Լույս»-ի ցանկում չընդգրկված բուհերում:










































