«Մուսուլման եղբայրներ» եգիպտական շարժումը հայտարարել է«պահուստային» թեկնածուի առաջադրման մասին, որը կմասնակցի նախագահական ընտրություններին այն դեպքում, եթե ընտրական հանձնաժողովը հանի Հաիրաթ Աշ-Շաթիրի թեկնածությունը: Այս մասին հայտնել է Interfaxգործակալությունը` հղում անելով«Ալ-Ահրամ» եգիպտական թերթին:
Նոր թեկնածուն Մուհամմեդ Մուրսին է, ով «Ազատություն և անկախություն» կուսակցության նախագահն է:Կուսակցությունը «Մուսուլման եղբայրներ» շարժման քաղաքական կազմակերպությունն է, որը ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում ստացել է տեղերի կեսից ավելին:
Աշ-Շաթիրի թեկնածությունը կասկած է առաջացնում, քանի որ եգիպտական օրենսդրության համաձայն`բանտային անցյալ ունեցող քաղաքացիները չեն կարող մասնակցել նախագահական ընտրություններին: Ավելի վաղ Աշ-Շաթիրին հաջողվել է համաներում ստանալ որպես քաղբանտարկյալ, սակայն կասկածներ կան, որ հանձնաժողովը չի ընդունի նրա թեկնածությունը:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները Եգիպտոսում տեղի կունենան մայիսի 23-24-ը:









































