«Մուրաբա բաժանելը երբեք ընտրակաշառք համարել չի կարելի: Ով էլ սոցիալապես անապահով ընտանիքին բնակարան տրամադրի, ես երկու ձեռքով կընտրեմ այդ կուսակցությանը»,- այսօր Ազատության հրապարակում կայացած ՕԵԿ հանրահավաքից հետո «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՕԵԿ անդամ Սերժ Ավագյանը: Նրա խոսքով՝ մյուս կուսակցություններից ՕԵԿ-ի քարոզարշավը և ընդհանրապես կուսակցությունը տարբերվելու է նրանով, որ առաջին հերթին ընտրակաշառք չի բաժանելու, ժողովրդի քվեն միայն վստահությամբ է շահելու: Թե ինչու են իր կուսակից անդամները որոշել մուրաբա բաժանել ընտրություններից առաջ՝ նա դժվարացավ պատասխանել, միայն ասաց. «Մինչև քարոզարշավը ով ինչ կարողանա ժողովրդին բաժանել, շատ լավ կլինի»:
Հարցրեցինք՝ չի՞ կարծում, որ «Օրինաց երկիրը», որը մի ժամանակ ընդդիմություն էր, հետո դարձավ իշխանություն, վաղուց մարդկանց մոտ ասոցացվում է «Հորինած երկրի» հետ, պատասխանեց. «Հնարավոր է, որ մի փոքր կուսակցության վարկանիշն ընկել էր, բայց հիմա եթե ուշադիր նայեք, անընդհատ վարկանիշը բարձրանում է»:
Հարցին, թե ՕԵԿ-ն այս տարիների ընթացքում նախագահի կողքին է եղել, ի՞նչ է փոխել և ինչի՞ համար պետք է ընտրողները իրենց ձայն տան, ՕԵԿ անդամը պատասխանեց. «Շատ բան ենք փոխել և դեռ շատ բան էլ կփոխվի: Մենք սովորել ենք տեսնել վատը, բայց եկեք տեսնենք նաև լավը, քաղաքներ, փողոցներ են կառուցվում, վերանորոգվում, շատ դժվար է թշնամի պետությունների օղակի մեջ պայծառ ապագա տեսնել մեկ-երկու տարվա ընթացքում»:
Իսկ Ազատության հրապարակում րոպեներ առաջ ավարտված հանրահավաքի մասին հիշեցնում էին միայն հրապարակի աղբարկղերը` Արթուր Բաղդասարյանի պատկերով և ՕԵԿ-ի լոզունգներով, երեխաների ձեռքի փուչիկները և գյուղերից հանրահավաքի եկած ավտոբուսներն ու հերթի մեջ սպասող գյուղացիները:











































