Բելառուսը պատրաստ է վերսկսել խաղաղ երկխոսությունը Եվրամիության հետ, եթե բելառուսական հարցով ԵՄ Խորհրդի որոշումը դրական լինի Մինսկի համար: Belta-ի փոխանցմամբ` համանման հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի նախագահի աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Մակեյը:
Նրա խոսքերով՝ իշխանությունները կսպասեն ԵՄ Խորհրդի հերթական որոշմանը, որը տեղի կունենա ապրիլի վերջին, և որտեղ քննարկվելու է Բելառուսի հարցը:
«Մենք պատրաստ ենք սկսելու լավ, հանգիստ երկխոսություն: Կարծում եմ՝ շատ շուտ փոխհամաձայնություն կհաստատվի: Եվ ԵՄ-ի որոշումը շատ լավ ֆոն կլինի ԵՄ դեսպանների Բելառուս վերադառնալու համար»,- ընդգծել է Մակեյը: Նա նաև հավելել է, որ Մինսկը «պատրաստ է իրադարձությունների նոր զարգացմանը»:
Մակեյի խոսքերով` Բելառուսը միշտ պատրաստ է եղել ԵՄ-ի հետ լավ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսություն սկսելու»:
Հիշեցնենք, որ 2011 թ. հունվարի 30-ին Բրյուսելի նիստում ԵՄ-ն հաստատեց բելառուս գործարարների «սև ցուցակը», որոնց մուտքը Եվրամիություն արգելված է, ինչպես նաև սառեցվել են Եվրամիության տարածքում նրանց ակտիվները:








































