Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ`երեկ Դիարբեքիրի ռազմական դատարանում տեղի է ունեցել նախորդ տարվա ապրիլի 24-ին Բաթմանի զորամասերից մեկում հայազգի զինծառայող Սևակ Բալըքչըի սպանության գործով հերթական դատալսումը:
Մեղադրող կողմը Սևակին սպանած նրա ծառայակից, թուրք ազգայնական Քըվանչ Աղաօղլուի համար պահանջել է 3-9 տարվա ազատազրկում՝ «անզգույշ սպանություն իրագործելու» համար:
Դատաբժշկական փորձագետ Էրսին Անաքը Սևակի սպանության վերաբերյալ կազմել է 3 էջանոց զեկույց, որում նշված է, որ Աղաօղլուն զենքը պահել է Սևակի վրա և դիմահար կրակոցով սպանել է նրան (չմտածելով, որ զենքը լիցքավորված է):
Հիշեցնենք, որ Սևակի սպանությունից որոշ ժամանակ առաջ Քըվանչ Աղաօղլուն նրան ասել էր. «Քեզ սպանելու եմ չաղլիկս»։ Իսկ այս տարվա մարտի 30-ին Սևակի նշանած Մելանի Քումրույանը հայտարարել է, որ Սևակի սպանությունից մոտ 6 ամիս առաջ Սևակը զանգահարել է իրեն և հայտնել, որ իր ծառայակիցներից մեկն իրեն ասել է, որ եթե Հայաստանի դեմ պատերազմ սկսվի, ապա առաջինն իրեն է սպանելու:








































