Մալավիի պետական ռադիոկայանը հաստատել է երկրի նախագահ Բինգու վա Մուտարիկայի մահվան մասին տեղեկությունը, հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ երկրի 78-ամյա նախագահը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց և ուրբաթ գիշեր մահացել է: Մահվան պատճառը սրտի տագնապն է: Հաղորդվում էր նաև, որ վա Մուտարիկայի մարմինը զմռսման նպատակով տեղափոխվել է Հարավաֆրիկյան Հանրապետություն:
Մալավիի սահմանադրության համաձայն՝ մինչև նախագահական ժամկետի ավարտը նախագահի պարտականությունները կկատարի փոխնախագահ Ջոյս Բանդան: Վա Մուտարիկան նախագահ էր ընտրվել 2009թ. մայիսին և պաշտոնավարում էր երկրորդ ժամկետով:
Մուտարիկան համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էր հայտնվել 2005թ. գարնանը, երբ խուճապահար դուրս էր փախել նախագահական շքեղ պալատից՝ հայտարարելով, որ շենքում ուրվականներ կան: Դրանից հետո ուրվականների դեմ պայքարելու համար մոբիլիզացվեցին երկրի բոլոր կրոնների հոգևորականները: Մուտարիկան նաև հավաստիացնում էր, որ գիշերները իր մարմնի վրայով կրծողներ են վազվզում:










































