ԱՄՆ-ում F/A-18 ռազմական ինքնաթիռի կործանման պատճառը, հնարավոր է, տեխնիկական անսարքությունն է: France Presse գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կապիտան Մարկ Վեյսբերգը:
Վեյսբերգը նշել է, որ ինքնաթիռում եղել են փորձառու օդաչու և նրա աշակերտը: Օդաչուներից մեկը հոսպիտալացվել է, սակայն նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Երկրորդին նույնպես տեղափոխել են հիվանդանոց, սակայն նա բժշկական զննումից հետո լքել է այն:
Վիրջինիա-Բիչ քաղաքի իշխանությունները, որի թաղամասերից մեկի վրա էր ընկել ինքնաթիռը, հայտարարել են, որ այս պահին տուժածների ցուցակում կա 9 անուն, այդ թվում` օդաչուների: Վիրջինիայի նահանգապետ Բոբ Մաքդոնալը «Ավագ ուրբաթի հրաշք» է անվանել այն, որ բնակավայրի վրա ինքնաթիռի ընկնելուց հետո ոչ մի մարդ չի զոհվել:








































