Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ուրբաթ օրը հայտարարել է, որ Սիրիայի քաղաքներում այս օրերին ընթացող ռազմական գործողությունները հակասում են այդ երկրի իշխանությունների կողմից կրակը դադարեցնելու մասին հավաստիացումներին: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Պան Գի Մունի խոսքերով` Բաշար Ալ-Ասադի համաձայնությունն առ այն, որ ապրիլի 10-ից սիրիական բանակը կդադարեցնի ռազմական գործողությունները, ոչ մի կերպ չեն կարող արդարացնել մինչ այդ իրականացվող սպանությունները: Գլխավոր քարտուղարը սիրիական իշխանություններից պահանջել է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Քոֆի Անանը կարողացել էր սիրիական իշխանություններից ստանալ հավաստիացումներ, որ ներսիրիական կարգավորման` իր կողմից առաջարկված ծրագիրը կընդունվի: Բաշար Ալ-Ասադն իր հերթին ասել էր, որ դրա իրագործումը կսկսվի ապրիլի 10-ից:










































