Մալիի զինվորական խունտան, որը երկու շաբաթ առաջ հեղաշրջում էր կատարել այդ երկրում, հայտարարել է, որ պատրաստ է փոխանցել իշխանությունը Մալիի խորհրդարանի նախագահին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նման հայտարարություն է ստորագրվել խունտայի ղեկավար կապիտան Ամադու Սանոգոյի և նրա հետ բանակցող երեք հոգու միջև: Նշվում է, որ Մալիի խորհրդարանի նախագահը այդ երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց 40 օր հետո պետք է կազմակերպի նախագահական արտահերթ ընտրություններ:
Մինչդեռ տուարեգների խնդիրն այդպես էլ մնաց չլուծված: Հիշեցնենք, որ զինվորականությունը հեղաշրջում էր կատարել` բողոքելով կենտրոնական իշխանությունների կողմից երկրի հյուսիսում ապստամբություն բարձրացրած տուարեգների դեմ պայքարի անարդյունավետության համար: Երեկ տուարեգները հայտարարել են անկախ Ազավադ պետության ստեղծման մասին:









































