Ուկրաինայի բնապահպանության նախկին նախարար Գեորգի Ֆիլիպչուկը, ով աշխատել է Յուլյա Տիմոշենկոյի կառավարությունում, դատապարտվել է երեք տարվա ազատազրկման՝ իշխանությունը և ծառայողական լիազորությունները չարաշահելու համար։ Այս մասին հաղորդում է NEWSru.ua-ն:
Իշխանության և ծառայողական լիազորությունների չարաշահում, ըստ դատարանի, տեղի է ունեցել իրավաբանական կազմակերպության հետ համաձայնագրի կնքման ժամանակ:
Նախկին նախարարի փաստաբան Նիկոլայ Շուպենյան նշել է, որ Ֆիլիպչուկը կատարել է նախարարների կաբինետի, մասնավորապես՝ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հանձնարարությունը՝ հավելելով, որ դատավճիռը կբողոքարկվի, քանի որ այն «աբսուրդ է»:
Ինչպես նշում է BBC-ն, Գեորգի Ֆիլիպչուկը բնապահպանության նախարար է եղել 2007 թվականի դեկտեմբերից մինչև 2010 թվականի մարտը:
Ֆիլիպչուկը Յուլյա Տիմոշենկոյի կառավարության երրորդ մարդն է, որն ազատազրկման ենթարկվեց: Բացի Տիմոշենկոյից, բանտում է գտնվում նաև ՆԳ նախկին նախարար Յուրի Լուցենկոն:









































