Խնդիրը ոչ թե լավ տերերով վատերին փոխարինելն է, այլ հասարակական ակտիվությամբ քաղաքականությունն ուղղելը: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գրաքննադատ, մշակութաբան Վարդան Ջալոյանը` խոսելով ԱԺ-ում հնարավոր մշակութային նոր քաղաքականության մասին:
Նա նշեց, որ որքան ինքն է ուսումնասիրել, գիտի, որ միայն ՀԱԿ-ն է, որ լուրջ քննարկումներ էր իրականացրել, թե ինչպիսին պետք է լինի նոր մշակութային քաղաքականությունը: Վարդան Ջալոյանը նկատեց, որ հետընթացը ոչ միայն տնտեսության մեջ է, այլև նկատելի է հենց մշակույթի մեջ:
«Ես միշտ ընդգծել եմ, որ իշխանությունն այլասերում է մարդկանց, հնարավոր չէ մի նախարարության լավ աշխատանք, եթե իրենք արվեստագետները, մտավորականները ճնշում չեն գործադրում: Կա՛մ այսպես է, կա՛մ գերադասում են գնալ ծառայության իշխանությունների մոտ: Խնդիրը ոչ թե վատ տերերին լավերով փոխարինելն է, այլ հասարակական ակտիվությունն ինքը կարող է ուղղել քաղաքականությունը: Այսօր շատ ինքնուրույն նախաձեռնություններ կան, որոնք քաղաքականություն փոխող են: Եթե ժողովուրդը` մտավորականները մնան պասիվ և շարունակի սերվերային քաղաքականություն վարվել, իհարկե՝ ոչինչ չի փոխվի: Հարկավոր է ճնշում գործադրել, առաջ քաշել նախաձեռնություններ և դրանք իրագործել: Դա նույնն է, ինչ տնտեսության մեջ և այլ ոլորտներում»,- մեկնաբանեց Վարդան Ջալոյանը` հավելելով, որ հային հարկավոր է ազատություն, որ ճնշում գործադրի իշխանությունների վրա, որպեսզի վարվի անհրաժեշտ քաղաքականություն:











































