Վանաձորի քաղաքապետարանում կայացավ «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ծրագրի» քննարկումը: 2005թ. ՀՀ կառավարությունն առաջին անգամ փորձնական ծրագրի միջոցով Վանաձորում և Մասիսում սոցիալական ծառայությունների համալիր կենտրոններ ստեղծելու հնարավորություն ընձեռեց: Ինչպես հետագայում պարզվեց 2 քաղաքներում էլ` փորձը տապալվեց:
Վանաձորում գործող 60-ից ավելի հասարակական կազմակերպությունների սոցաշխատողները չկայանալու բազում պատճառներ են նշում, սակայն գլխավորը մի հարկի տակ աշխատելով, շենքի խնդիրներով չզբաղվելն է` շենքը մասնատեցին, տանիքի պահպանությունը տվեցին հասարակական կազմակերպություններին, վերելակը` կենսաթոշակային կենտրոնին, որը կամավորության սկզբունքով պետք է իրականացներ վերելակի շահագործումը, հարթակի կառուցումից հետո էլ զբաղվածության կենտրոնը սնունդ աշխատանքի դիմաց (ՍԱԴ) որևէ ծրագիր շենքի պահպանման համար չիրականացրեց, իսկ ընդունարանն ընդհանրապես չարդարացրեց, քանի որ հասարակական կազմակերպությունների աշխատակիցները` սոցաշխատողները, ովքեր պետք է ուղղորդեին համապատասխան օղակը, չէին վարձատրվում: «Ընդհանրապես, շենքում որոշակի աշխատանք իրականացնող անհատն սպասում էր սիմվոլիկ փոխհատուցման, որն այդպես էլ չստացավ»,- նշում են հասարակական կազմակերպության անդամները:
Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության, սոցիալական ծառայությունների բաժնի վարիչ Վալերի Ջաղինյանի կարծիքով` այն, ինչ ի սկզբանե դրված էր սոցիալական ծառայությունների աշխատակիցների վրա` կատարվեց. «Միայն ընդունարանը չի գործում, այն էլ` ընդունարանից օգտվելու կուլտուրան չկա, քաղաքացին փոխարենը մոտենա և խնդիրը ներկայացնի, որ պարզ դառնա` ուր պետք է ուղղորդեն, գալիս ասում էր, ուզում եմ էս ինչ մարդուն տեսնել»,- ասաց Վալերի Ջաղինյանը: Հասարակական կազմակերպությունների աշխատակիցները այդ փաստը բացատրում են նրանով, որ սոցիալական ծառայության շենքն այժմ ծառայում է միայն որպես նպաստ դասավորելու մի կառույց, դրա համար մարդիկ նախընտրում են անձամբ տեսնել իրենց տեսուչին և համաձայնության գալ:
Վալերի Ջաղինյանը նշեց, որ դա առաջին հայացքից է այդպես երևում, իրականում հետազոտություն է կատարվում, տեսուչից հետո այցելություն է կատարում նաև Վանաձորի քաղաքապետարանին կից սոցիալական աջակցության խորհուրդը. «Այդ կարծիքը կա, որովհետև բազան ամբողջական չէ, և 4-5 տեղ աշխատող անձ կա, որ առնվազն 200 հազար եկամուտ ունի, բայց ոչ մի տեղ չի երևում, նրան մենք չենք կարող նպաստ չտալ, իսկ քանի որ քաղաքը փոքր է, և բոլորն իրար ճանաչում են, մտածում են դասավորովի է»,- ասաց Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության սոցիալական ծառայության պետը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներն էլ, հնի փորձը պահպանելով, թերացած ծառայությունները ուժեղացնելու փոխարեն մի նոր փորձնական ծրագիր են ներդնում` «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ծրագիրը»: Նախարարության աշխատակիցները միայն հետևողականորեն իրականացնում են մարզային հանդիպումները` ժամանակացույցին հավանություն տալու համար: Առանց պատկերացնելու ընտրվող մոդելի հիմնական դրույթներն ու աշխատաոճը, միայն ուսումնասիրելով այլ երկրների փորձը` ՀԿ-ների մարզային սոցաշխատողներին, զբաղվածության կենտրոնների և կենսաթոշակային համակարգի աշխատակիցներին ստիպում են ինչ-որ նախագծեր ներկայացնել. «Այնինչ ՀԿ-ի ներկայացուցիչներն ու սոցծառայության աշխատակիցները մարզի բնակիչների խնդիրների յուրահատկություններն ի մի բերելով պետք է առաջ քաշեն իրենց ցանկությունները, ծրագրի նախագիծը պետք է իրականացնի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ կառավարությունը հավանություն տա կամ մերժի»,- ասացին Վանաձորի քաղաքապետարանի սոցիալական աջակցության խորհրդի անդամները:
«Ժամանակ»










































