«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունն Ապրիլի 7-ի` Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ կազմակերպել էր տոնական միջոցառում` իր հավատարիմ կին հաճախորդների համար: Ընկերության տնօրեն Գագիկ Վարդանյանը նշեց, որ հյուրերի մեջ կան հաճախորդներ, որոնք կազմակերպության ծառայություններից օգտվել են 15-րդ, 20-րդ, նույնիսկ 40-րդ անգամ: «Նշանակում է համագործակցությունն արդյունավետ է, և մեր ծառայությունների կարիքը կա»,- ասաց Գ. Վարդանյանը:
Վերջերս փոխվել է կազմակերպության կարգավիճակը, և այն վերակազմավորման արդյունքում ՍՊԸ-ից դարձել է ՓԲԸ, ձևավորվել է նաև նոր խորհուրդ: Ըստ Գ. Վարդանյանի` դա թույլ կտա ավելի բարձրացնել ծառայությունների որակը: Տնօրենը հայտնեց, որ ներկայում ընկերությունն առանց գրավադրման միկրովարկեր է տրամադրում՝ գյուղացիական փոքր ֆերմերային տնտեսությունների զարգացման, ձեռնարկատիրական, բնակարանային պայմանների բարելավման նպատակով, ինչպես նաև կազմակերպության կողմից մշակվում է ՓՄՁ–ի զարգացման ռազմավարություն: «Շուրջ 14 հզ. վարկեր ենք տրամադրել, որոնցից 75 %-ը՝ գյուղական շրջաններում: Մարզերում ունենք 13 մասնաճյուղային գրասենյակներ: Եվ առաջիկայում ակնկալում ենք, որ հաճախորդների քանակը կավելանա առնվազն 3-4 հազարով»,- նշեց Գ. Վարդանյանը:
2005 թ-ից կազմակերպության հետ համագործակցող Զեփյուռ Աբգարյանը գոհունակությամբ նշեց, որ «Կամուրջ» ՈՒՎԿ-ն աջակցում է գյուղատնտեսությանը, անասնապահությանը, և հնարավորություն են ընձեռում զարգացնել տնտեսությունը: Նա շնորհակալություն հայտնեց, որ հիշել և գնահատել են իրենց հաճախորդների տոնը:
Գ. Վարդանյանը շնորհավորեց Ապրիլի 7-ի կապակցությամբ, մաղթեց առողջություն, երջանկություն, հաջողություն աշխատանքում և հավելեց, որ երկկողմ համագործակցությունը կլինի այնքան ժամանակ, որքան կցանկանան հաճախորդները:
Միջոցառման մասնակիցներին բաժանվեցին պատվոգրեր և նվերներ:









































