News Georgia-ի փոխանցմամբ` Վրաստանի ԱԳՆ-ն այսօր հատուկ նամակներ է հղել միջազգային կառույցներին, որպեսզի նրանք ուղարկեն իրենց դիտորդական առաքելությունները Վրաստանում հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն:
Վերջինս հավելել է, որ այդ նամակները նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կարգադրությամբ ուղարկվել են ԵԱՀԿ-ի Խորհրդարանական ասամբլեա, ԵԽ, ՆԱՏՕ, ինչպես նաև Եվրախորհրդարան և ԵՄ-ի ինստիտուտներ. «Չնայած նրան, որ նախընտրական կամպանիայի սկսվելուն դեռ որոշակի ժամանակ կա, Վրաստանը ցանկանում է հիմա հրավիրել միջազգային դիտորդներին:
Վրաստանի կառավարության նպատակը առավելագույնս թափանցիկ, ժողովրդավար, ազատ ու իրավական միջավայրում ընտրությունների անցկացումն է: Աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններն ամբողջովին համապատասխանելու են միջազգային չափորոշիչներին»:









































