Իրանական Mehr News լրատավական գործակալության փոխանցմամբ` Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխղեկավար Իսմայիլ Կոսարին հայտարարել է, որ Էրդողանը կորցրել է իր քաղաքական դիրքորոշումը, ինչի մասին վկայում են վերջին իրադարձությունները.
«Թուրքիան պետք է ամոթ ապրի, որ իր մոտ է հավաքել Սիրիայի թշնամիներին, որոնք հանդես են գալիս «Սիրիայի բարեկամների» խմբի անվան տակ: Ինչ վերաբերում է Իրանի հասցեին Էրդողանի արած հայտարարությանը (Էրդողանն Իրանին մեղադրել է անկեղծ չլինելու մեջ.– 1in.am), ապա Թուրքիայի վարչապետը չպետք է կարծի, թե Իրանը ենթարկվում է Թուրքիային:
Եթե նա և Թուրքիայի մնացյալ ղեկավարությունը չեն կարողանում ինքնուրույն որոշումներ ընդունել, և նրանց պետք է ինչ-որ մեկը թելադրի, ապա Իրանի քաղաքական գործիչներն ունակ են ինքնուրույն որոշումներ ընդունելու: Դժբախտաբար, թուրք քաղաքական գործիչները վերածվել են արևմտյան երկրների ձեռքի գործիքի»:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, ինչ Թուրքիան Ստամբուլում հավաքեց, իրանական կողմի պնդմամբ՝ Սիրիայի թշնամիներին և հայտարարեց (ԱՄՆ-ի պահանջով) իրանական նավթի ներկրման 20 տոկոսը կրճատելու մասին, Իրանը հրաժարվեց իր միջուկային ծրագրի շուրջ «Վեցյակի» հետ բանակցություններն անցկացնել Ստամբուլում՝ դրանով իսկ տվյալ հարցում խաղից դուրս թողնելով Թուրքիային:








































