«Ոչ մի կուսակցություն այս շրջանում չի կարող բողոքել, թե ինքը անտեսվել է եթերում»,- այսօր խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանի հեռարձակող ԶԼՄ-ների մշտադիտարկման միջանկյալ հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ եթերում կուսակցություններին ուշադրություն դարձնելու գործընթացը կարելի է հավասարակշռված և դրական գնահատել:
«Գնահատելի է, որ ԶԼՄ-ները ձգտում են գնահատականներ չտալ քաղաքական ուժերին՝ դա թողնելով հանրությանը։ Ինչ վերաբերում է ոչ դրական զարգացումներին, ապա պետք է նշել, որ շատ ավելի դրական շեշտադրումներով անդրադարձներ կատարվում են կոալիցիոն ուժերի, առաջին հերթին՝ ԲՀԿ-ի, հետո միայն ՀՀԿ-ի հասցեին:
ՀԱԿ-ի դեպքում մարտի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածի մշտադիտարկումներում նկատել ենք 0 դրական, 11 բացասական անդրադարձ»,- նշեց Բորիս Նավասարդյանը:
Երևանի մամուլի ակումբի նախագահը նաև անհանգստացնող որակեց այն փաստը, որ որոշ հեռուստաընկերություններ ոչ բավարար ուշադրություն են դարձնում ընտրապայքարին` չցանկանալով իրավիճակը էլ ավելի քաղաքականացնել:
«Օրինակ՝ ընտրական գործընթացների վերաբերյալ ավելի մեծ ուշադրություն ակնկալում ենք Հ1-ից, սակայն մարտ ամսվա դրությամբ նրանց տաղավարներում ավելի շատ մշակութային և սպորտի գործիչներ էին լինում, քան քաղաքական: Քաղաքական անդրադարձների առումով ռեկորդակիրը «Կենտրոն» հեռուստաընկերությունն է, երկրորդ տեղում է Հ2-ը, երրորդում՝ Երկիր մեդիա»-ն»,-ամփոփեց նա:









































