Այսօր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը գումարել է 12-րդ համագումարը:
Համագումարի բացմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, տրանսպորտի և կապի փոխանախարար Անդրանիկ Ալեքսանյանը, արդյունաբերողների և ձեռնարկությունների միության նախագահ Արսեն Ղազարյանը, միության անդամներ, հյուրեր:
Հիշեցնենք, որ կառավարությունը ոլորտը գերակա է հայտարարել: Սակայն թեև նախապես հայտարարվել էր, համագումարին ներկա չէր վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա ողջույնի խոսքը համագումարի մասնակիցներին փոխանցեց վարչապետի օգնական Հայկ Թութունջյանը:
ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանը ներկայացրեց միության խնդիրներն ու առաջնահերթությունները: Որպես գլխավոր խնդիրներից մեկը նա նշեց մասնագետների պակասը: Հ. Ավոյանի խոսքով՝ ոլորտը բուռն զարգանում է և ունակ է կլանել 1000-1200 մասնագետի: 2012 թ. ծրագրերից է հեռահաղորդակցության ենթակառուցվածքների համատեղ օգտագործումը (վերջին մղոն, վիրտուալ օպերատորներ, համարների տեղափոխելիություն), հեռահաղորդակցության ենթակառուցվածքների պարտադիր լինելը նոր կառուցվող ճանապարհների, շենք-շինությունների շինարարական նորմերում: Միությունը նաև հատուկ ծրագիր է սկսելու ՏՀՏ ոլորտում պետական գնումների և տենդերների ոլորտում մոնիտորինգ իրակամանցնելու ուղղությամբ:
ՀԱԳՄ նախագահը նշեց, որ արտահանմանն ուղղված արդյունաբերական զարգացման ռազմավարությունում ՏՀՏ ոլորտը առանձին չի ներառվել, քանի որ այն արդեն զարգանում է: Նա կոչ արեց ԻՏՁՄ անդամներին անդամակցել նաև իր ղեկավարած միությանը:










































