Միասնական եվրոպական արժույթի ներմուծումը սխալ է եղել. նման կարծիք է հայտնել Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա համոզված է, որ Պրահան ճիշտ է գործել՝ հրաժարվելով միանալ այսպես կոչված՝ ԵՄ բուջետային պակտին: «Մեզ համար դա պարզապես անընդունելի է: Երկրի բյուջեի պատասխանատվությունը ինչ-որ տեղ՝ Բրյուսել ուղարկելու, բյուջեն երկրում չընդունելու, այլ դա Բրյուսելի տեխնոկրատներին և բյուրոկրատներին հանձնելու գաղափարը մեզ համար անընդունելի է»,- հայտարարել է Կլաուսը:
2012 թ. հունվարի 30-ին ԵՄ 27 երկրներից 25-ը միացան բյուջետային կայունության պայմանագրին: Պրահան և Լոնդոնը հրաժարվեցին միանալ դրան: Չեխիան իր այդ որոշման մասին հայտարարեց ԵՄ գագաթնաժողովի ժամանակ, Մեծ Բրիտանիայի իշխանություններն այդ մասին հայտարարել էին ավելի վաղ՝ դեռ 2011 թ. դեկտեմբերին:
«Եվրոարժույթը աղետ է: Հույս ունեմ, որ Ֆրանսիայում մարդիկ գիտեն, որ եվրոն աղետ է: Դա սխալ նախագիծ էր»,- ասել է Կլաուսը:









































