Իսրայելն այսուհետ նոր՝ «զսպման» կամ «սարսափի» ռազմավարություն կկիրառի: Այս մասին, ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, հայտնել է Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Բենի Գանցը: Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Գելիլոտի ռազմաբազայում իր ենթակաների հետ հանդիպմանը նա նշել է, որ «երկրի հարավի վրա ցանկացած հարվածի կհետևի հարված ՀԱՄԱՍ-ի վրա, Պաղեստինի տարածքից հարվածները կհանգեցնեն Հըսզբոլլահի վրա հարվածների, իրանցիների կողմից ահաբեկչական հարձակումները արտասահմանում՝ կհանգեցնեն համապատասխանաբար Իրանի վրա պատասխան հարվածի»:
«Բանակը Իսրայելի պաշտպանն է, նրա սուր թուրը»,- ասել է Գանցը՝ մեկնաբանելով Էյլաթ քաղաքի վրա օրերս Սինայի թերակղզուց կատարված հրթիռային հարվածը:
Խոսելով Գազայի հատվածի սահմանի մոտ դրության սրման շուրջ՝ նա ասել է, որ «բանակը հարվածներին պատախանել է հավուր պատշաճի՝ լուրջ վնաս հասցնելով ահաբեկիչներին: Մենք ապացուցեցինք, որ կակող ենք պաշտպանել քաղաքացիական բնակչությանը»:
«Իսրայելի զինված ուժերը ի վիճակկի են հաշվեհարդար տեսնել ցանկացած թշնամու հետ՝ տարածաշրջանում և ծովերից այն կողմ»,- ասել է գեներալը: Խոսելով հրեաների դեմ վերջերս Հնդկաստանում, Թաիլանդում և Վրաստանում իրականացված ահաբեչությունների մասին՝ նա ասել է. «Մենք գիտենք՝ ով էր կանգնած դրա ետևում: Նրանք պետք է գիտակցեն, որ Իսրայելի «երկար ձեռքը» կհասնի բոլորին, ովքեր կցանկանան սպառնալ իսրայելցիների և ամենուր բոլոր հրեաների կյանքին՝ Գազայում, Լիբանանում կամ աշխարհում մեկ այլ տեղ»:








































