ԱԺ-ում ընտրություններ կեղծողները ինչպե՞ս կարող են վերահսկողություն իրականացնել: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Միքայել Դանիելյանը` անդրադառնալով ԱԺ-ում ընտրությունները դիտարկող մարմնին:
Իրավապաշտպանը նշեց, որ դա ոչ մի դեպքում արդյունավետ չի կարող լինել ընտրությունների վերահսկման հարցում: Ըստ նրա` ԱԺ-ում նստած են մարդիկ, ովքեր երկար ժամանակ կեղծել են ընտրությունները: «Մի փոքր նաև ծիծաղելի է հնչում. մարդիկ, ովքեր կեղծում են, դիտարկում իրականացնեն»,- ասաց Միքայել Դանիելյանը:
Նա նաև թերահավատ է երեկ չորս կուսակցությունների միջև կնքված այն համաձայնության առնչությամբ, ըստ որի ընտրություններին հանրային վերահսկողություն իրականացնելու նպատակով պետք է ձևավորվի միասնական շտաբ: Նրա խոսքով` ներքոստորագրյալների շարքում ևս կան մարդիկ, ովքեր կեղծել են ընտրություններ: Իրավապաշտպան Միքայել Դանիելյանի կարծիքով` ընտրությունների վերահսկողություն պետք է իրականացնեին միջազգային և տեղական դիտորդները:







































