News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ այցելել է Բաթումում տեղի ունեցած պայթյունից տուժածներին: Լերմոնտովի անվան փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում գազի արտահոսքի պատճառով գրանցվել էր պայթյուն, ինչից տուժել էր 4 մարդ, այդ թվում նաև կես տարեկան մի երեխա:
Հիվանդանոցում Սաակաշվիլին հայտարարել է, որ տուժածներին ցուցաբերվելու է անհրաժեշտ օգնություն. «Մինչ այժմ Բաթումում չկար բնական գազ: Այժմ, երբ իրականացվել է գազաֆիկացում, անհրաժեշտ է, որ տեխնիկական խմբերը իրականացնեն գազային սարքերի որակի ու շահագործման ստուգումներ»:
Աջարիայի կառավարության ղեկավար Լևան Վարշալոմիձեն հայտարարել է, որ իրենք շուտափույթ վերականգնելու են պայթյունից վնասված բնակարանները: Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ վնասել է հարևան բնակարանները և կոտրել ոչ հեռու ընկած շինությունների ապակիները: Վնասվել են նաև շենքի առջև կանգնած մի շարք ավտոմեքենաներ:







































