Լիբիայի Սահմանադիր ժողովի ընտրությունները տեղի կունենան հունիսի 19-ին: Այս մասին Al-Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Լիբիայի Ազգային անցումային խորհրդի (ԱԱԽ) ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլը:
Մինչ այս երկրի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը չէր նշում քվեարկության կոնկրետ օրը:
Աբդել Ջալիլը նաև հայտարարել է, որ պատրաստվում է «հրաժարական տալ այն դեպքում, եթե ընտրությունները տապալվեն»:
Ավելի վաղ ԱԱԽ ներկայացուցիչ Նասեր Ալ-Մանին հայտարարել էր, որ երկրում տիրող ոչ կայուն իրավիճակի և արևմուտքում բռնության ալիքի տարածման պատճառով քվեարկությունը կարող է անորոշ ժամանակով հետաձգվել:
Լիբիայի Սահմանադիր ժողովի ընտրությունները տեղի կունենան երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի դեմ ԱԱԽ-ի տարած հաղթանակից 8 ամիս հետո: Հունվարին ընդունված օրենքի համաձայն՝ Ժողովը կունենա 200 անդամ, որոնցից 120-ը՝ կլինեն անկախ թեկնածու, իսկ 80-ը կուսակցությունների ներկայացուցիչներ: Մեկ տարվա ընթացքում այդ մարմինը պետք է նախապատրաստի նոր սահմանադրության նախագիծը, որից հետո երկրում տեղի կունենան խորհրդարանական և նախագահական ընտրություններ:






































