Ընտրությունների վերահսկման միասնական շտաբի ստեղծումը կարելի է նշանակալից իրադարձություն համարել նախընտրական գործընթացի համար, սակայն շտաբն, իհարկե, դեռ պետք է գործով ապացուցի, որ իսկապես գործնական ազդեցություն է ունենալու ընտրական գործընթացի, այսպես ասած, օրինականության ապահովման հարցում: Այսինքն` Հայ ազգային կոնգրեսը, ՀՅԴ-ն, Ժառանգությունն ու ԲՀԿ-ն պետք է գործնական քայլեր կատարեն` հանրությանը համոզելու համար, որ ընդդիմությունն իրականում տիրապետում է իրավիճակին և պաշտպանելու է ընտրողի ազատ քվեարկելու իրավունքը:
Սակայն այստեղ, իհարկե, մի քանի հարցեր են առաջանում, որոնք, ըստ էության, բավականին անորոշ են դարձնում միասնական շտաբի հեռանկարը և ընդհանրապես տպավորություն են ստեղծում, որ իրականում դա մի քայլ էր, որ քաղաքական ուժերն արել են պարզապես անելու համար՝ ինչ-որ բան արած լինելու համար, քանի որ ոչինչ չանելու պարագայում հասարակությունն իսկապես կարող էր ընդհանրապես հիասթափվել քաղաքական ընդդիմությունից` տեսնելով, որ այն ունակ չէ գեթ մարտավարական համաձայնությունների գալ: Սա ընդդիմության միասնական մարտավարության երկրորդ փորձն է: Առաջինն, ինչպես հայտնի է, մատնվեց անհաջողության, և մատնվեց անհաջողության նաև այն պատճառով, որ դրան, մեծ հաշվով, առանցքային պահին չօժանդակեց իշխանական երկրորդ կուսակցությունը՝ Բարգավաճ Հայաստանը: Խոսքը, իհարկե, համամասնական 100 տոկոս ընտրակարգի անցման նախաձեռնության մասին է: Եթե ԲՀԿ-ն իր պոտենցիալով ամբողջությամբ միանար նախաձեռնությանը, ապա հազիվ թե ՀՀԿ-ն երկու ոտքը պահեր մի կոշիկի մեջ և պնդեր իր ասածը՝ ոչ մի փոփոխություն:
Այս անգամ մինչև ո՞ւր կգնա Բարգավաճ Հայաստանը միասնական շտաբի շրջանակում` դժվար է ասել, բայց որ մեծ է հավանականությունը, որ վճռական պահերին ԲՀԿ-ն իրականում ավելի շատ Հանրապետականի, քան միասնական ընդդիմադիր մարտավարության օգտին կարող է աշխատել, թերևս բավական զգալի է: Համենայնդեպս հետաքրքիր կլինի հետևել, թե ինչ գործընթացներ են ծավալվում միասնական շտաբի ստեղծումից հետո ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերություններում, և այդ գործընթացները կարող են ինդիկատորի դեր կատարել շտաբի շրջանակում ԲՀԿ գործունեության անկեղծության և արդյունավետության կապակցությամբ:
Սակայն, միևնույն ժամանակ, հարկ է արձանագրել, որ ԲՀԿ-ն այստեղ ամենևին էլ ճակատագրական չէ, քանի որ եթե այդ կուսակցությունն ինչ-ինչ հաշվարկներ ունի ՀՀԿ հետ հետագա ճանապարհ կառուցելու առումով, ապա միայն Կոնգրես-Ժառանգություն-ՀՅԴ եռյակի համատեղ պայքարը ընտրակեղծիքների դեմ կարող է զգալի արդյունք տալ ընտրական գործընթացում: Այս առումով, իհարկե, չափազանց կարևոր է այս երեք ուժերի գործունեությունը: Ավելին` նրանք նույնիսկ պետք է սահմանեն ընտրախախտումների դեմ պայքարի այնպիսի բարձր նշաձող՝ միասնական շտաբի աշխատանքում, որ անմիջապես բացահայտվի որևէ մասնակցային կեղծիք կամ արհեստականություն:








































