«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, նախօրեին «Կաֆե Լա Բոհեմ» սրճարան-ռեստորանի դիմաց, որտեղ այս օրերին շինարարություն է իրականացվում, «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ և ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Սարիբեկ Սուքիասյանի մասնակցությամբ «տղայական» վիճաբանություն է եղել: Նշենք, որ պատգամավորության թեկնածուն համարվում է անձեռնմխելի, իսկ Սարիբեկ Սուքիասյանը մեծամասնականով առաջադրված է թիվ 10 ընտրատարածքում:
Մեր տեղեկություններով՝ ավտոկայանման շուրջ ծագած վեճին «խառնվել» է շինարարություն իրականացնող ընկերության պատասխանատուն: Սրճարանի տնօրեն-մենեջեր ներկայացած Հայկ Մկրտչյանը մեզ հետ զրույցում հերքեց տեղեկատվությունը, թե իրենց սրճարանում վիճաբանություն է եղել. «Երեկ ինչ-որ շինարարների հետ վիճաբանություն է եղել, բայց Սարիբեկ Սուքիասյանն ընդհանրապես այնտեղ չի եղել, կարող ա եկել, սուրճ է խմել, գնացել»:
Մինչդեռ մեր աղբյուրները փոխանցում են, որ Սարիբեկ Սուքիասյանը նշված տարածքում եղել է 010 15 համարներով Bentley-ով, իսկ շինարարության պատասխանատուն` Mercedes Benz Gelewagen 77 711 մեքենայով: Վիճաբանությունը, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, ծագել է նրանից, որ Սարիբեկ Սուքիասյանը մեքենան կանգնեցրել է շինարարության դիմաց, որի պատճառով ճանապարհը դարձել է անանցանելի: Երբ տարածքի հսկիչն ասել է, որ մեքենան խանգարում է ճանապարհին, Սուքիասյանի, նրա թիկնազորի միջև վեճ, ապա ծեծկռտուք է սկսվել, որին ավելի ուշ շինարարության տերն ու աշխատակիցներն են միջամտել:









































