Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մեկնաբանել է 1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում իրականացված ամենաարյունալի ռազմական հեղաշրջման կազմակերպիչների նկատմամբ այսօր սկսված դատական գործընթացը.
«Այդ դատական գործընթացն ունի կարևոր նշանակություն և նպաստելու է Թուրքիայում մտածելակերպի փոփոխմանը: Մենք ապրում ենք քաղաքական պատմության այնպիսի դարաշրջան, որից կարելի է օրինակ վերցնել: Քաղաքական բոլոր կուսակցություններն իրենց համերաշխությունն են հայտնել տվյալ դատական գործընթացի նկատմամբ: Այդ համերաշխությունն անհրաժեշտ է նոր Սահմանադրության նախապատրաստման համար»:
Հիշեցնենք, որ 1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումից հետո՝ 1981 թվականի հունիսի 29-ին, թուրքական ռազմական խունտան ընտրեց 160 խորհրդատուի, որոնց հանձնարարեց զբաղվել նոր Սահմանադրության մշակմամբ:
Վերջիններս առաջ քաշեցին 800 նոր օրենքներ: 1982 թվականի նոյեմբերի 7-ին նոր Սահմանադրությունը դրվեց հանրաքվեի ու ստացավ մասնակիցների 92 տոկոսի աջակցությունը: Դրանով մեծ լիազորություններ շնորհվեցին ուժային և դատական կառույցներին, որոնց իրավունքների սահմանափակման համար տարիներ շարունակ պայքարում է Էրդողանը, և առաջիկա նոր Սահմանադրությունը գործուն քայլ կհանդիսանա այդ ուղղությամբ։








































