«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Նոր ժամանակներ կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը:
– Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ Հայաստանում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ինչպես նաեւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը գնահատելով այդ 20-ամյա հարաբերությունները` նշեցին, որ այն ընթացել է բավականին հարթ քաղաքական երկխոսության շրջանակներում եւ բավականին բարձր մակարդակի վրա է գտնվում: Ձեր գնահատմամբ, այս 20 տարիների ընթացքում ե՞րբ են հայ-ռուսական հարաբերություններն իրապես դիվանագիտական եղել ու հավասարը հավասարի մակարդակում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին 10-ամյակի ընթացքում այդ հարաբերությունները գնահատվում են իբրեւ վասալային:
– Ես համաձայն եմ Լավրովի եւ Նալբանդյանի հետ, որովհետեւ իսկապես այդ հարաբերությունները բավականաչափ հարթ են ընթանում, եւ բարձր մակարդակի հանդիպումներն էլ գնալով աճում են, բայց պետք է խոսել, թե այդ ամենն ինչ է տվել ՀՀ-ին կամ ՌԴ-ին: Կարծում եմ` շատ դեպքերում այդ հարաբերությունները պարզապես նմանվում են հետխորհրդային ժամանակաշրջանում ապրող լավ ընկերների հարաբերության, բայց փաստն այն է, որ լուրջ իմաստով ՀՀ-ն ոչ այդ հարաբերությունների, ոչ էլ այլ երկրների հետ հարաբերությունների արդյունքում չի ուժեղացել: ՌԴ համար էլ այդ հարաբերությունները որեւէ այլ նշանակություն չունեն` բացի ՀՀ-ն իր քաղաքական ուղեծրում պահելուց: Կարծում եմ, որ ՀՀ եւ ՌԴ միջեւ այսօր կան զուտ հարաբերություններ, բայց լուրջ միս ու արյուն այդ հարաբերությունները չեն ստացել, ու ապագայում դա պետք է լինի կամ չլինի: Ինչ վերաբերում է վասալային հարաբերություններին, ապա կարծում եմ, որ աշխարհում, նմանատիպ հարաբերությունների գաղափարն ընդհանրապես հարգի չէ եւ ընդունելի չէ քաղաքական դասի մեջ՝ բոլորն էլ ինչ-որ կոմպրոմիսներ են փորձում գտնել, բոլորն էլ մտածում են, թե որտեղ կարող են թելադրող լինել, որտեղ` թելադրվել: Ինձ հետաքրքրում է, թե այդ հարաբերություններն իրականում ի՞նչ օգուտ են տալիս ՀՀ-ին, ինչ անուն էլ ուզում են դնեն, բայց եթե դա օգուտ է բերում ՀՀ-ին, ուժեղացնում է տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական դաշտում, ապա այդ հարաբերությունները չեն կարող վասալային կոչվել:
– Բայց չէ՞ որ, մինչ այս մենք չենք տեսել, թե ինչպես են այդ հարաբերությունները ուժեղացնում ՀՀ-ն:
– Իհարկե, մինչ օրս նմանատիպ բան չի եղել, լուրջ զարգացում չի եղել, կարելի է ասել, որ 3 մլրդ են ներդրել, մեր հայրենակիցներն այնտեղից գումարներն են ուղարկում, բայց լուրջ առաջընթաց չի եղել:
– Պարոն Կարապետյան, իսկ այս 20 տարիները քանի՞ շրջանի կբաժանեիք եւ ըստ Ձեզ ո՞րն էր ամենաօգտակար շրջանը ՀՀ համար, ե՞րբ են այդ հարաբերություններն իրականում դիվանագիտական եղել:
– Որեւէ բաժանում չէի անի, որովհետեւ չեմ կարծում, որ դրանց մեջ որակական շատ մեծ տարբերություն կլինի: Ցավոք սրտի, հայաստանյան յուրաքանչյուր իշխանություն փորձել է հայ-ռուսական հարաբերություններն օգտագործել ավելի շատ սեփական նպատակների համար, քան երկրի ուժեղացման, խնդիրների բարձրացման, հավասարազոր փոխհարաբերություններում այդ խնդիրների քննարկման համար: Ինչպես այսօր էլ տեսնում ենք, Ռոբերտ Քոչարյանն իր հիմնական PR-ն իրականացնում է Պուտինի հետ հանդիպումներով, Սերժ Սարգսյանը ներկայացնում է, թե ինքը գնացել եւ ճաշել է Մեդվեդեւի եւ Պուտինի հետ` այն դեպքում, երբ այդ ճաշին ներկա են եղել այլ նախագահներ եւս: Այսինքն` չկա այնպիսի մի շրջան, որ հարաբերություններն ավելի հավասարազոր են եղել, եղել են փոխհարաբերություններ, որտեղ ՀՀ էլիտան փորձել է այդ հարաբերություններն օգտագործել, որ կարողանա էլ ավելի ամրանալ երկրում:
– Իսկ Լավրովի այցը ՀՀ ինչքանո՞վ է կապված հայաստանյան ներքաղաքական իրավիճակի հետ. կա կարծիք, որ այս այցով ՌԴ-ն ցույց տվեց իր աջակցությունը Սերժ Սարգսյանին:
– Այստեղ որեւէ կապ չկա: Բայց այստեղ մեկ այլ հետաքրքիր բան կար՝ Լավրովը մի շատ կարեւոր բան ասաց, որը չեմ կարծում, որ բխում է Սերժ Սարգսյանի այսօրվա շահերից: Լավրովը շատ նուրբ, բայց բավականաչափ չոր ասաց, որ Եվրասիական միության դռները բաց են նաեւ ՀՀ համար, ու հավելեց, թե եթե դուք ուզում եք, որ ՀՀ քաղաքացին զգա լավ ապրելու հույսը, ապա Եվրասիական միության դռները ձեզ համար բաց են: Սա ասվում է արդեն երկրորդ անգամ՝ առաջինն ասել էր Մեդվեդեւը, հիմա էլ նույնն ասում է Լավրովը:
– Այսինքն, Ձեր կարծիքով, Սերժ Սարգսյանին ստիպո՞ւմ են թակել Եվրասիական միության դռները:
– Ոչ մեկը ոչինչ չի ստիպում, բայց ռուսերեն մի շատ լավ խոսք կա այս պարագայի համար՝ мягко намикает, но жестко требует:
– Պարոն Կարապետյան, ինչպես նշեցիք` Քոչարյանն իր PR-ն իրականացնում է Պուտինի հետ հանդիպումների միջոցով, վերջերս էլ տեղեկություն տարածվեց, որ Պուտինն ու Քոչարյանը հանդիպել են, իսկ ռուսական The New Times պարբերականը հոդված էր հրապարակել, որտեղ նշվում էր, թե Պուտինին հետաքրքրում է Քոչարյանի մեծ քաղաքականություն վերադառնալու հեռանկարը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը եւ ինչքանո՞վ է Պուտինին պետք Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն:
– Այստեղ ես երկու կարեւոր հանգամանք կցանկանայի նշել. առաջինը դրանից հետո Պուտինը շնորհակալական նամակ հղեց վարչապետ Տիգրան Սարգսյանին` ցույց տալով, որ ՌԴ իշխանությունն աշխատում է ՀՀ իշխանության հետ, նույն կերպ Պուտինը ողջունեց ՀՀԿ-ին: Բացի այս` ՌԴ-ում հիմա վիճակն այնքան խառն է,- ու գնալով ավելի է խառնվում,- եւ Պուտինն այժմ պետք է փոխի ճամբարը՝ կհրաժարվի «Եդինայա Ռոսիայից», ու դա շուտով կտեսնեք: Այսինքն` ՌԴ-ում հիմա ներքին խնդիրներն այնքան շատ են, արտաքին օրակարգն այնքան դժվար է Պուտինի համար, որ չեմ կարծում, որ նա հիմա էլ պետք է նստի ու մտածի, թե Քոչարյանը ՀՀ-ում իրեն պետք կգա՞, թե՞ ոչ: Կա մի խնդիր՝ ՀՀ-ն եւ ԱՊՀ մնացած երկրները պահել ռուսական աշխարհաքաղաքական ուղեծրում, իսկ այդ խնդրի լուծման ճանապարհին ՌԴ իշխանությունների մոտեցումն օբյեկտիվ է լինելու, շատ ռեալ ու պրագմատիկ. ուժեղ կլինի իշխանությունը՝ կաշխատեն իշխանության հետ, ընդդիմությունն ուժեղ կլինի՝ կաշխատեն վերջինիս հետ: Իսկ մնացածը Քոչարյանի չհաջողված PR-ն է եւ ոչ ավելին:
– Այսինքն` առաջիկա խորհրդարանական, այնուհետեւ նախագահական ընտրություններում, Ձեր կարծիքով, ո՞րն է լինելու ՌԴ դերը ու ներգրավվածության աստիճանն ինչպիսի՞ն է լինելու:
– Չեմ կարծում, որ ինչ-որ միջամտություն կլինի, եւ եթե միջամտություն լիներ, ապա ինչ-որ ուժեր կձեւավորվեին, ինչպես օրինակ այլ աշխարհաքաղաքական ուժեր փորձում են կազմել իրենց կողմնորոշման ուժերը: Իսկ ռուսական պրոյեկտ ՀՀ-ում այսօր չկա, որովհետեւ ՌԴ-ն աշխատում է իշխանությունն իշխանության հետ սկզբունքով, ու թեեւ ասում են, թե ԲՀԿ-ն ավելի պրոռուսական դաշտում է գտնվում, բայց տեսնում ենք, որ Պուտինի շնորհավորանքը գնում է ՀՀԿ, Վարդան Օսկանյանն է դառնում ԲՀԿ անդամ, որը պրոռուսական համբավ չի ունեցել: Այսինքն` հասկանալի է, որ ՌԴ համար նմանատիպ խնդիր դեռ դրված չէ, այլ հարց է, թե ինչպես են տրվում դրա պարզաբանումները՝ մի մասն ասում է, թե այդ խնդիրը դրված չէ, որովհետեւ իշխանություններն առանց այն էլ ռուսների հետ են, մեկ այլ մասն ասում է, թե ռուսների խնդիրները շատ են ու ни до этого, մյուս մասն էլ ասում է, թե դա ամբողջությամբ ապագայում է տեղի ունենալու: Ես կարծում եմ` երեքն էլ միասին են:










































