Արդար ընտրություններ անցկացնելու համար ԱԺ քաղաքական ուժերը համախմբվել են և 15-20 օր առաջ համաձայնության են եկել շտաբ ձևավորելու հարցի շուրջ. այս մասին այսօր նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը։ Նա հավելեց, որ դրանից հետո ստեղծվել է համապատասխան հռչակագիր-փաստաթուղթ, որը նաև քննարկվել է միջազգային կառույցների հետ, այնուհետև փաստաթուղթն ընթերցվել է, որի ներքո «բանավոր» ստորագրել են բոլոր խորհրդարանական ուժերը, և այժմ գործընթացներ են գնում:
Ըստ նրա` մարդիկ չեն կարողանում պատկերացնել, որ չի կարելի մի շտաբ ստեղծել և վերցնել բոլոր լիազոր մարմինների իրավունքները և չասել, թե շտաբի պատասխանատվությունը որն է, ով պետք է պատասխան տա:
«ԱԺ աշխատանքային պայմաններն այնպիսին են, որ օպերատիվ կերպով կարելի է իրագործել: Փորձում ենք օգտագործել ԱԺ հնարավորությունները: Խնդիրը պետք է դնել այսպես. մենք բոլորս աշխատում ենք արդար ընտրությունների անցկացման համար: Ես կարծում եմ՝ եթե ցանկանում են, որ լավ ընտրություններ լինեն, քաղաքական էլիտար մասը իր հայտարարությունների մեջ չափավոր պետք է լինի, որովհետև դա հասնում է ժողովրդինև անտագոնիզմ ստեղծում մեկը մյուսի նկատմամբ»,- պարզաբանեց Գալուստ Սահակյանը:
Հիշեցնենք, որ այսօր միասնական շտաբի ձևավորման մասին հայտարարության ներքո իրենց ստորագրությունը դրեցին քաղաքական չորս ուժերի լիազորված անձինք` ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը և ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Հայտարարության քննարկմանը ներկա էր նաև Գալուստ Սահակյանը, որը իր անհամաձայնությունը հայտնեց և շուտ լքեց քննարկումը:








































