Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն պատասխանել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին, որը իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ժողովում ԺՀԿ-ին մեղադրել էր նացիստների հետ համագործակցության մեջ.
«Նախ թող Էրդողանը պատասխանի, թե ինչպես է նրա նախարարներից մեկը՝ որպես հավատարիմ ծառա, մատի առաջին իսկ կանչով վազում է մեկ այլ երկրի նախագահի մոտ (նկատի է առնվում Սեուլի միջուկային անվտանգության գագաթնաժողովում գրանցված միջադեպը, երբ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսից հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մատի շարժումով իրենց հետևից գալու հրավեր է անում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին.– 1in.am):
Հեռուստատեսությամբ դիտելով այդ կադրերը՝ ես ամոթ ապրեցի իմ երկրի համար: Սկզբում ես այդ նախարարին (Դավութօղլու) դրեցի մատուցողի տեղ և հետո նոր ճանաչեցի նրան: Պատասխանեք, պարոն վարչապետ, թե ինչպես դուք մեծ Թուրքիան հասցրիք այս վիճակին: Աշխարհի մեծագույն կայսրություններից մեկը (Օսմանյան) կառուցած երկիրը գտնվում է մյուս երկրների ստվերում: Պատմությունը ձեզ դա չի ների»:
Քըլըչդարօղլուն Էրդողանին անվանել է նաև Օբամայի սուրհանդակ՝ ընդգծելով, որ նա Սեուլից հետո մեկնել է Իրան, որի նախագահ Ահմադինեժադը, իբրև թե վատառողջ լինելու պատճառով, նրան չի ընդունել նույն օրը: Ըստ Քըլըչդարօղլուի՝ այդպիսի իրավիճակում Էրդողանը պետք է լքեր Իրանը, սակայն նա չէր կարող դա անել, քանի որ իր հետ բերել էր Օբամայի խոսքերը, որոնք պետք է փոխանցեր իրանական կողմին:







































