Կաչոնովյան բանտում 7-ամյա ազատազրկման դատապարտված Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի բուժումը նախատեսվում է անցկացնել պետբյուջեի հաշվին: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Ուկրաինայի առողջապահության նախարարի տեղակալ Ռայիսա Մոիսեյենկոն: Այս մասին հայտնում է ITAR-TASS –ը:
Ավելի վաղ Տիմշենկոյին առաջարկվել էր շարունակել բուժումը Խարկովի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում: Մոիսեյենկոյի խոսքով`Տիմոշենկոն համաձայնել է ստանալ ստացիոնար բուժում, սակայն չի համաձայնել բուժվել հենց այդ հիվանդանոցում:
Միևնույն ժամանակ, Մոիսեյենկոն դժվարացել է ասել, թե որքան կարժենա նրա բուժումը: «Ես չեմ կարող դա նախապես իմանալ»,- ընդգծել է նա: Վերջինս նաև հաղորդել է, որ գերմանացի բժիշկները «Շարիտե» կլինիկայից չեն դիմել իրենց խնդրանքով`այցելել Խարկովի հիվանդանոց, որտեղ նախատեսվում է Տիմոշենկոյի բուժումը:
Նա նաև պատրաստակամություն է հայտնել արտերկրի բժիշկներին հնարավորություն տալ ծանոթանալու հիվանդանոցում բուժման պայմաններին:







































