Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ դրսից Սիրիայի ընդդիմությանը «հրահրելու» գործողություննրը չեն նպաստում ճգնաժամի կարգավորմանը:
«Սիրիայում ցանկանում են խնդիրը լուծել միայն կառավարության հետ՝ հրահրելով ընդդիմությանը: Դրանով կարգավորում չի ստացվի»,- ասել է Լավրովը Բաքվում Մոսկվայի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Լավրովը վստահեցրել է, որ եթե անգամ Սիրիայի ընդդիմությանը «մինչև ատամները» զինեն, նա չի հաղթի կառավարական ուժերին, ուստի նրանք շեշտը դնում է արտաքին միջամտության վրա:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ իրենք պաշտպանում են ընդդիմությանը զինելու գաղափարը: Դամասկոսն իր հերթին Կատարին և Սաուդյան Արաբիային մեղադրել էր Սիրիայի տարածքում գործող ահաբեկիչներին աջակցելու մեջ: Բացի այդ, Սիրիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Սիրիա ահաբեկիչներ են մուտք գործում հարևան Թուրքիայից, որտեղ փաստացիորեն տեղակայված է սիրիական ընդդիմությունը:
Հիշեցնենք. Սիրիայում ավելի քան մեկ տարի շարունակվում են զինված բախումները ընդդիմության և իշխանությունների միջև: Այդ ընթացքում, ըստ ՄԱԿ-ի վերջին տվյալների, զոհվել է ավելի քան 9000 մարդ: Օրերս Դամասկոսն իր համաձայնությունը տվեց Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրին, որով հակամարտող երկու կողմերից պահանջվում է դադարեցնել կրակը և նստել բանակցային սեղանի շուրջ: Սակայն ավելի ուշ հաղորդվեց, որ սիրիական բանակի հարձակումներն ապստամբների վրա շարունակվում են:









































