Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը (ԱԱԽ) որոշում է կայացրել առողջական վիճակի պատճառով Միսրատա քաղաքի բանտից ազատ արձակել Մուամար Քադաֆիի հորեղբորորդուն՝ Սայիդ Քադաֆ Ալ-Դամին: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով արաբական ԶԼՄ-ներին, նա մասամբ կաթվածահար է:
Բացի այդ, ԱԱԽ-ն հայտարարել է, որ Սայիդ Քադաֆ Ալ-Դամը լիբիացի ժողովրդի դեմ հանցագործություն չի կատարել, ուստի ներման է արժանի:
Լիբիացի ապստամբները Քադաֆիի հորեղբորորդուն ձերբակալել էին նրա հայրենի Սիրթ քաղաքում անցյալ տարվա հոկտեմբերին: Նա թաքնված է եղել քաղաքի տներից մեկում: Տեղում հաշվեհարդարից նրան փրկել է միայն պատկառելի տարիքը և ծանր հիվանդությունը:
Լիբիայում զինված ապստամբությունը շարունակվել է 2011 թ. փետրվարից մինչև հոկտեմբեր: Իշխող վարչակարգի և ապստամբների միջև մարտական գործողությունների ընթացքում զոհվել են հազարավոր մարդիկ, հսկայական վնաս է հասցվել երկրի տնտեսությանը: Ինքը՝ Մուամար Քադաֆին, գազանաբար սպանվել է Սիրթում հոկտեմբերի 20-ին: Մարտերում զոհվել են նաև նրա երեք որդիները:
Անցյալ տարվա օգոստոսին Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի անկումից հետո Քադաֆիի կինը, դուստրը և երկու որդիները ապաստան են գտել Ալժիրում: Քադաֆիի մյուս երկու որդիները ձերբակալված են և մոտ ժամանակներս կկանգնեն դատարանի առջև:









































