Երեկ «ՀԺ»-ի թղթակիցը տեսել է, թե ինչպես են ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը և Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ԵԿՄ գրասենյակի ետնամասից դուրս եկել և քայլել դեպի գրասենյակի գլխավոր մուտքը:
«Տեսնելով մեր լուսանկարող թղթակցին` Զաքարյանը բոլորից ետ է մնացել ու փակել դեմքը, իսկ նրան ուղեկցող անվտանգության աշխատակիցները մոտեցել են թղթակցին և պահանջել ջնջել լուսանկարները»:
«Գաղտնի հանդիպմա՞ն էիք մասնակցում, որ չեք ուզում ձեզ նկարեն»,- հարցրել է թերթի թղթակիցը, ինչին ի պատասխան` Զաքարյանը փորձել է կատակել, թե չի ցանկանում, որ իրեն լուսանկարեն, քանի որ «նկարները հետո չեն տալիս»:
«Քիչ անց ԵԿՄ մուտքի մոտ Զաքարյանին է մոտեցել Արա Կետիկյանը, ինչ-որ ցուցակ տվել` ասելով. «Ձեր ուզած ցուցակն է»: Զաքարյանը նստել է մեքենան ու հեռացել` չպատասխանելով հարցին, թե իրեն ինչ ցուցակ է տվել Կետիկյանը: Ըստ ամենայնի, Մանվել Գրիգորյանն ու Իշխան Զաքարյանը ԵԿՄ ետնաբակում ինչ-որ կարևոր խոսակցություն են ունեցել, և այդ խոսակցությունը շենքի ներսում չեն արել ենթադրելով, որ տարածքը գաղտնալսվում է: Իսկ թե ինչ անուններ են եղել ցուցակում, կարելի է կռահել:
Խոսակցություններ կան, թե այն բանից հետո, երբ Մանվել Գրիգորյանը Սերժ Սարգսյանին սատարելու մասին հայտարարություն է արել, ԵԿՄ-ում քանդման պրոցեսներ են սկսվել, և կազմակերպությունը պահպանելու համար, ըստ ամենայնի, Մանվել Գրիգորյանին անհրաժեշտ է հարազատ Հանրապետական կուսակցության վարչական լծակների կիրառումը»:









































