«Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մարտի 24-ին թիվ 36-Ա որոշումով, մինչև մրցույթով տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելը, մարտի 26-ից «ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպարի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնակատար է նշանակել նույն դպրոցի ուսուցիչ Հարություն Ալավերդյանին և նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր»,- գրում է «Առավոտ»-ը և հավելում.
«Ոսկեպարի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Նվեր Բեգլարյանն ասում է, որ մարզպետի որոշումն անօրինական է, քանի որ Հարություն Ալավերդյանը դպրոցի կառավարման խորհրդի նախագահն է, որ դա «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման խախտում է»:
Պարզաբանման համար «Առավոտ»-ը դիմել է Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանին:
«Նա ասաց, որ Հարություն Ալավերդյանը դպրոցի կառավարման խորհրդի կազմից դուրս գալու համար դիմում է գրել: Սակայն փաստն այն է, որ դպրոցի կառավարման խորհուրդն այդ առթիվ նիստ չի գումարել, և Հարություն Ալավերդյանը դեռևս դպրոցի կառավարման խորհրդի նախագահն է: 12 տարի որպես մարզպետ պաշտոնավարող մարզպետ Արմեն Ղուլարյանը պիտի որ իմանար մարզպետարանի ենթակայության ներքո գտնվող հանրակրթական դպրոցների տնօրենների պաշտոնակատարների նշանակման կարգը»:









































