Ադրբեջանի Իսլամիստական կուսակցության մի շարք ակտիվիստներ են ձերբակալվել, երբ նրանց առաջնորդը համեմատել է նախագահ Իլհամ Ալիևին շիաների պատմության մեջ ամենաատելի անձնավորություններից մեկի հետ:
Հունվարի 7-ին ձերբակալվել են Ադրբեջանի Իսլամիստական կուսակցության առաջնորդ Մովսում Սամեդովը, նրա տեղակալ Վագիֆ Աբդուլլաևը, վարորդ Միրհուսեյն Քազիմովը և կուսակցության ակտիվիստ Էլչին Հասանովը:
Ներքին գործերի նախարարության և գլխավոր դատախազության հայտարարությունների համաձայն` նրանք կասկածվում են ահաբեկչական հարձակումներ ծրագրելու մեջ: Իսլամիստական կուսակցության անդամներին 10-15 օրվա ազատազրկման են դատապարտել` ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար:
Սակայն այսքանով ձերբակալությունները չեն ավարտվել: Հունվարի 10-ին բանտարկվել են աստվածաբան Զուլֆուգար Միքայիլզադեն և «Ազգային բարոյական արժեքներ» կազմակերպության նախագահ Մեհդի Մամեդովը, ինչպես նաև` Իսլամիստական կուսակցության մի շարք այլ ակտիվիստներ:
Հունվարի 11-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը և գլխավոր դատախազությունը հայտարարել են, որ Սամեդովի ձերբակալված երկու զարմիկների տներում ոստիկանությունը ձեռքի նռնակներ և փամփուշտներ է հայտնաբերել:
Վերլուծաբանների կարծիքով`այս ձերբակալությունների պատճառը հունվարի 2-ին տեղի ունեցած Սամեդովի ելույթն է եղել: YouTube-ում լայնորեն շրջանառվող տեսահոլովակներում Սամեդովը քննադատում էր դպրոցներում աշակերտուհիների` հիջաբ կրելու վերաբերյալ արգելքը, պաշտոնական օղակներում տարածված կոռուպցիան և խոսքի ազատության սահմանափակումները:
Այնուամենայնիվ, Սամեդովի ելույթի ամենավիճահարույց մասը վերաբերում էր երկրի նախագահին: Իսլամիստական կուսակցության առաջնորդը 2003-ին նախագահի պաշտոնը հորից ժառանգած Իլհամ Ալիևին համեմատել էր Եզիդ իբն Մուավիայի հետ, ում ղեկավարած ուժերը ժամանակին սպանել էին Մուհամմեդ մարգարեի թոռ Հուսեյնին`ինչի արդյունքում մահմեդականները բաժանվեցին սուննիների և շիաների:
«Իլհամ Ալիևը կուռքի է վերածել իր հորը և ստիպում է ժողովրդին պաշտել նրան: Սակայն Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը մահմեդական է և պետք է պայքար սկսի այս անգութ ռեժիմի դեմ` վերջ տալով Եզիդին հիշեցնող այս մարդու իշխանությանը», – հայտարարել էր Սամեդովը:
Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը կազմում են շիաները, ինչպես և հարևան Իրանում:
Վերլուծաբանների խոսքերով` անցյալ տարվա ընտրությունների ժամանակ իշխանությունները համարյա ոչնչացրել էին աշխարհիկ ընդդիմությանը, երբ այն ներկայացնող երկու գլխավոր կուսակցություններին չէր հաջողվել անցնել խորհրդարան, իսկ այժմ ուշադրությունը սևեռել են իսլամիստական ուժերի վրա:
«2010 թվականի ընտրությունների ժամանակ տեղ գտած կեղծումների հետևանքով` ընդդիմության ոչ մի ներկայացուցիչ չկարողացավ մուտք գործել խորհրդարան: Եթե իշխանությունները նպատակադրվել են ոչնչացնել քաղաքակիրթ, աշխարհիկ ընդդիմությունը, ապա պետք է պատրաստ լինեն դրա փոխարեն կրոնական կամ էթնիկական քաղաքական ուժերի ի հայտ գալուն»,- կարծիք է հայտնել «Ատլաս» հետազոտական կենտրոնի տնօրեն Էլխան Շահինօղլուն:
Սամեդովն ակտիվ գործունեություն է իրականացնում քաղաքական ասպարեզում 1993 թվականից: 1996-97 թթ. նա սովորել է շիաների գլխավոր կրոնական կենտրոնում, որը գտնվում է իրանական Քոմ քաղաքում, իսկ 2007 թվականից գլխավորում է Ադրբեջանի Իսլամիստական կուսակցությունը:
Ձերբակալված իսլամիստական բոլոր ակտիվիստները գտնվում են Բաքվի բանտում, մինչդեռ Սամեդովի ձերբակալության վայրն իշխանությունները գաղտնի են պահում:
Ներքին գործերի նախարարության մամլո խոսնակ Էհսան Զահիդովը մերժել է մեկնաբանություններ տալ Սամեդովի գտնվելու վայրի, ինչպես նաև` նրան սպառնող կտտանքների մասին ենթադրությունների վերաբերյալ:
Ադրբեջանի պաշտոնական մահմեդական կառույցը, որը մոտ է իշխանություններին, հայտարարություն է տարածել` բացեիբաց մեղադրելով Սամեդովին:
«Մովսում Սամեդովի մեկնաբանությունները… բողոքի ալիք են բարձրացրել երկրի հավատացյալների շրջանում: Այս մեկնաբանություններն ուղղված են ժողովրդի և պետության դեմ և նպատակադրված են հասարակական լարվածություն ստեղծել: Հավատացյալները չեն հանդուրժի այն դիտողությունները, որոնք ուղղված են ընդդեմ Իլհամ Ալիևի, ով հետևել է մեծն Հեյդար Ալիևի օրինակին` լուսավորելով ադրբեջանական պետությունը և ժողովրդին իր գիտակցական ողջ կյանքի ընթացքում», – նշվում է հայտարարության մեջ:
Հայտնի քաղաքագետ և Բաքվի Լրագրության դպրոցի տնօրեն Զարդուշտ Ալիզադեն ձերբակալված իսլամիստներին քաղաքական բանտարկյալներ է համարում:
«Ժողովրդին հնարավոր չէ խաբել. այս մարդիկ ահաբեկիչներ չեն: Նրանք ձերբակալվել են Մովսում Սամեդովի կտրուկ մեկնաբանությունների պատճառով: Իշխանությունները ցանկանում են ահաբեկել ընդդիմության կողմնակիցներին, ովքեր քննադատաբար են վերաբերվում իրենց քայլերին»,- ասում է նա:
Սակայն ոմանց կարծիքով` Իսլամիստական կուսակցությունը նպատակ ունի վերջ տալ Ադրբեջանի` որպես աշխարհիկ պետության գոյությանը:
«Ադրբեջանի Իսլամիստական կուսակցությունը և նրա անդամները կիսում են Իրանի Իսլամական Հանրապետության տեսակետները: Կուսակցության գլխավոր նպատակը Ադրբեջանն Իրանի նման պետություն դարձնել է: Ոչ բոլորն են ընդունում այն փաստը, որ երկրում հզոր իսլամիստական ընդդիմություն է ձևավորվել, որը հանդես է գալիս ոչ միայն Ալիևի ռեժիմի, այլ նաև բոլոր արևմտյան արժեքների դեմ»,- նշում է Շահինօղլուն:
Իդրակ Աբբասով
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից (www.iwpr.net):









































