ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցներիհետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ապրիլի 3-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերի այցը խորհրդարան, պարոն Նիկոյանը խորհրդանշական է համարել, որ այն տեղի է ունենում Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի օրը:
ԱԺ նախագահի խոսքով` ՀՀ և ՌԴ միջև գործընկերային և ռազմավարական հարաբերությունները, որոնք հիմնված են երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության ու եղբայրության վրա, իրենց անմիջական արտահայտությունն են գտնում միջխորհրդարանական հարաբերություններում, որոնց թե Հայաստանում, թե Ռուսաստանում մեծ կարևորություն է տրվում:
Պարոն Նիկոյանն ընդգծել է ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը` նշելով, որ հաջողվել է ապահովել ոչ միայն աշխատանքների հետևողականություն, այլ նաև զգալի արդյունավետություն` նպաստելով հումանիտար, մշակութային, կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտնորում երկկողմ գործակցության խորացմանը: Հանձնաժողովը մեծ դեր է խաղացել նաև երկու երկրների տարածաշրջանների միջև կապերի հաստատմանը: Կողմերը վստահություն են հայտնել, որ հետագայում ևս հանձնաժողովը կշարունակի ու ավելի կաշխուժացնի իր հետևողական գործունեությունը:
ՀՀ խորհրդարանի նախագահը գոհունակություն է արտահայտել միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանականների համագործակցության առնչությամբ: Նրա խոսքով` հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս ԱՊՀ և ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովների գործունեությանը և ակտիվորեն իր մասնակցությունն է բերում այդ շրջանակներում տարվող աշխատանքներում: Պարոն Նիկոյանը կարևորել է համագործակցությունը նաև Միջխորհրդարանական միության, ԵԱՀԿ, ԵԽ, ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովներում` նշելով, որ դեռևս մեծ ներուժ և ուղղություններ կան այդ կառույցներում փոխգործակցությունը խորացնելու, աշխատանքներն առավել համակարգված դարձնելու համար:
ՀՀ ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ ՌԴ արտգործնախարարի ներկա այցը նոր լիցք կհաղորդի հայ-ռուսական կապերին, այդ թվում` միջխորհրդարանական համագործակցությանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ՌԴ արտգործնախարարը նշել է, որ այս տարի լրանում է նաև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին ՀՀ և ՌԴ միջև ստորագրված պայմանագրի 15-ամյակը: Նա գոհունակություն է հայտնել, որ այս հոբելյանները նշվում են կոնկրետ գործերով` նկատելով, որ հայ-ռուսական հարաբերությունների բոլոր ոլորտներում առաջընթաց է արձանագրվում: Աճել են երկկողմ ապրանքաշրջանառությունը, ներդրումների ծավալը, համատեղ իրականացվող ծրագրերի քանակը, այդ թվում` միջուկային էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, հումանիտար, մշակութային և այլ բնագավառներում:
ՌԴ ԱԳ նախարարը համագործակցության կայացման և հետագա ընդլայնման գործում մեծապես կաևորել է միջխորհրդարանական համատեղ աշխատանքը, որի շնորհիվ ամրապնդվում է ինտեգրացիոն գործընթացների օրենսդրական հիմքն ինչպես անվտանգության ապահովման, այնպես էլ տնտեսական ու հումանիտար ոլորտներում: Նա բարձր է գնահատել այն ներդրումը, որ ՀՀ և ՌԴ խորհրդարանական պատվիրակություններն ունենում են միջազգային համապատասխան կառույցներում, միաժամանակ կիսելով ՀՀ ԱԺ նախագահի այն տեսակետը, որ այդ ուղղությամբ համագործակցությունը դեռ զգալի ներուժ և առավել սերտացման կարիք ունի: ՌԴ արտգործնախարարը կարևորել է ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային միջխորհրդարանական կառույցներում փոխգործակցության ամրապնդումը:
Շնորհակալություն հայտնելով Ռուսաստանում կայացած ընտրություններին հայ խորհրդարանականների` որպես դիտորդ մասնակցության համար, Սերգեյ Լավրովը հաջողություն է մաղթել Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին` նշելով, որ ռուսական կողմն ակտիվ ընդգրկվածություն է ունենալու տարբեր դիտորդական առաքելություններում: Նա կարևորել է ամենատարբեր մակարդակներով հաճախակի կազմակերպվող երկկողմ այցելությունները, որոնց ընթացքում ծնվում են նաև նոր նախաձեռնություններ, փոխգործակցության նոր ուղղություններ:
Հանդիպման ընթացքում իրենց տեսակետները ներկայացրել են նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը: Անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, դրանում Մինսկի խմբի դերակատարությանը, երկկողմ և տարածաշրջանային այլ խնդիրների:







































