Euronews-ին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, որին արևմտյան ԶԼՄ-ներն անվանում են «թուրքական Քիսինջեր», անդրադարձել է Սիրիայի և Իրանի հետ Թուրքիայի հարաբերություններին.
«Սիրիական ճգնաժամի շարունակումը հղի է վտանգով ոչ միայն Թուրքիայի, այլև ողջ տարածաշրջանի համար: Չէ՞ որ Սիրիան ունի կարևոր աշխարհաքաղաքական դիրք: Նա Թուրքիայի շատ կարևոր հարևանն է: Սիրիայում առաջացած ցանկացած լարվածություն ազդում է բոլոր հարևան երկրների վրա: Միջազգային հանրությունը պետք է միջամտի առաջացած իրավիճակին, որպեսզի կանխի տարածաշրջանում անկայունության ավելի մեծ աղբյուրների ի հայտ գալը:
Մենք հումանիտար և պատմական պատասխանատվություն ենք կրում Սիրիայի ժողովրդի առջև և պատրաստ ենք ստանձնել այդ պատասխանատվությունը: Եթե սիրիական հակամարտությունը սկսի սպառնալ Թուրքիայի շահերին և նրա ազգային անվտանգությանը, ապա Թուրքիան իրավունք ունի ձեռնարկելու անհրաժեշտ նախազգուշական միջոցները:
Ինչ վերաբերում է Իրանին, ապա այդ երկրի հետ Թուրքիայի հարաբերություններն ունեն խոր արմատներ: Դրանք հարաբերություններ են հարևան երկրների միջև: Երբ մեր միջև տարաձայնություններ են առաջանում ինչ-որ հարցի շուրջ, մենք փորձում ենք համատեղ լուծել այն: Մենք մշտապես այդպես ենք արել:
Իրանական այցի ժամանակ վարչապետ Էրդողանը իրանական կողմին հստակ ներկայացրեց, թե ինչն է մտահոգում ու անհանգստացնում Թուրքիային: Իհարկե, մենք Իրանի հետ տարաձայնություններ ունենք Սիրիայի կառավարության ու նրա ապագայի հարցում: Առաջացած խնդիրները հաղթահարելու համար մենք մշտական շփումների մեջ ենք Իրանի հետ:
Սիրիան մեր անմիջական հարևանն է, դրա համար էլ մեզ մտահոգում է, թե ինչ է տեղի ունենում այնտեղ: Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը հաշվի առնի մեր դիրքորոշումը»:










































