Աժ պատգամավորի թեկնածու Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, «Հրապարակ»-ին տեղեկացրել է, որ երեկ հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ:
«Հակոբյանը նրանց տեղեկացրել է, որ թիվ 19 ընտրատարածքում տիրում է վախի մթնոլորտ, քանի որ գեներալ Սեյրան Սարոյանն ահաբեկում է այլ դիրքորոշում ունեցող ընտրողներին: Հակոբյանն ասել է, որ իր նախընտրական հանդիպումները պատրաստվում է անցկացնել գիշերային ժամերին, որպեսզի Սարոյանը չիմանա, թե հատկապես ովքեր են եկել հանդիպելու իր հետ: ԺՀՄԻԳ դիտորդներին գիշերային հանդիպումների գաղափարը հետաքրքիր է թվացել, և նրանք ցանկություն են հայտնել մասնակցել դրանց»,- ապա թերթը հավելում է.
«Ի դեպ, Հակոբյանը մեզ հայտնեց, որ հստակ ապացույցներ ունի, որ վերջին 5 տարվա ընթացքում Սարոյանն առնվազն 2 տարի 7 ամիս բացակայել է Հայաստանից, ինչը նշանակում է, որ մշտապես չի բնակվել երկրում: Սարոյանի գրանցումը չեղյալ ճանաչելու հայցով Հակոբյանը դիմել է վարչական դատարան: «Դիմելու եմ նաև ՍԴ, իսկ Հայաստանում մերժվելու դեպքում` նաև Եվրադատարան»,- տեղեկացրել է Հակոբյանը: