The Daily Telegraph-ի հաղորդմամբ՝ բրիտանացի նկարիչ Փիթեր Բլեյքը պատրաստել է The Beatles-ի՝ Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band ալբոմի առաջին էջի ռիմեյքը:
1967թ. հունիսի 1-ին թողարկված ձայնասկավառակի դիզայնի վրա աշխատել էր հենց Բլեյքը, որը պատրաստել էր տարբեր հայտնի մարդկանց դիմանկարներով մի կոլաժ, այդ թվում՝ Կառլ Գուստավ Յունգի, Էդգար Ալան Պոյի, Բոբ Դիլանի, Մերելին Մոնրոյի և Կարլ Մարքսի: Առաջնային ֆոնի վրա են նաև The Beatles-ի չորս անդամները:
Նոր կոլաժի ստեղծման ժամանակ Բլեյքն օգտագործել է այն մարդկանց դիմանկարները, որոնցով ինքը հիանում է, ինչպես նաև իր որոշ ընկերների դիմանկարները, որոնց թվում են Էմի Ուայնհուսը, Յան Քերթիսը, Էլթոն Ջոնը, Քեյթ Մոսը, Միք Ջագերը, Ագաթա Քրիստին, Ռիդլի Սքոթը, ինչպես նաև Փոլ Մակքարթնին: Այս անգամ առաջին ֆոնի վրա ոչ թե The Beatles-ի անդամներն են, այլ հենց Փիթեր Բլեյքն ու նրա ընտանիքի անդամները:
Նկարչի նոր աշխատանքը հանրությանը կներկայացվի 2012թ. հուլիսին:










































