Իրաքի կառավարությունն «անընդունելի» է համարում երկրի փոխնախագահ սուննի Տարիկ Ալ- Հաշիմիի կողմից արդարադատությունից թաքնվելու և երկրից դուրս գալու քայլերը և կոչ է անում Կատարի իշխանություններին նրան հանձնել Բաղդադին: Այս մասին ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, հայտարարել է Իրաքի փոխվարչապետ Հուսեյն Ալ-Շահրիստանին:
Նա նշել է, որ Քրդստանի ինքնավար շրջանի իշխանությունները , որտեղ Ալ-Հաշիմին թաքնվում էր անցյալ տարվա դեկտեմբերից, խախտել են օրենքը՝ նրան թույլ տալով դուրս գալ երկրից:
Հիշեցնենք, որ Հաշիմին Կատարի մայրաքաղաք Դոհա է մեկնել երեկ, նրան այստեղ ընդունել է Կատարի պետական նախարար, շեյխ Համադ բեն Ջասեմ Ալ-Թանին: Փոխնախագահի գրասենյակից հայտնել են, որ Ալ-Հաշիմին Կատար է մեկնել պաշտոնական այցով՝ այդ երկրի ղեկավարության հրավերով:
Իրաքի իշխանությունները Տարիկ Ալ-Հաշիմիին մեղադրում են մահվան գումարտակներ ստեղծելու մեջ: 2011թ. դեկտեմբերի 19-ին դատական իշխանությունները նրան ձերբակալելու կարգադրություն տվեցին: Ինքը՝ Հաշեմին բազմիցս հայտարարել է, որ կապ չունի այդ մեղադրանքների հետ:











































