Բրազիլիայում բարեգործական նպատակով անցկացվող պոլոյի ժամանակ Բրիտանիայի 27-ամյա արքայազն Հարրին փրկել է մրցակցի` ամերիկացի գործարար Բաշ Կազիի կյանքը: Վերջինս անգիտակից գետնին է տապալվել ձիերի «դրամատիկ» բախման հետևանքով: Մինչ մյուս խաղացողները պարզապես նայում էին ընկածին, Հարրին ակնթարթորեն իջել է ձիուց և Կազիին պառկեցրել հարմար դիրքով: Ուշքի գալուց հետո գործարարը գրկել է արքայազնին:
«Հարրին առաջինն արձագանքեց կատարվածին: Նա թռավ ձիուց և իր արագ կողմնորոշվելու ունակության շնորհիվ կարողացավ արագ շրջել մարմինս, ես գիտակցության եկա» ,-WashingtonPost-ին պատմել է 41-ամյա Կազին և արքայազնին բնութագրել որպես «առասպելական մարդ»:
Նշենք, որ բարեգործական խաղը կազմակերպել էր հենց Հարրին: Նրա թիմը 6:3 հաշվով հաղթեց: Հարրին 2006 թվականին մեկնարկած Sentebale հիմնադրամի համահիմնադիրն է: Այն ֆինանսավորում է Հարավային Աֆրիկայի մի շարք նախագծեր:










































