ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին՝ ինչպե՞ս է գնահատում այն հանգամանքը, որ ԵԱՀԿ գործունեության 20-ամյակի կապակցությամբ Ադրբեջանը բացասական է գնահատել այս տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ծավալած գործունեությունը, ասաց.
«Ես լսել եմ տարբեր հայտարարություններ, որոնք արվում են երբեմն էմոցիոնալ հողի վրա` ոչ պաշտոնապես: Բայց մենք հղում ենք անում պաշտոնական հայտարարությունների վրա, իսկ հակամարտության կողմ երկրների նախագահների կողմից բազմիցս բարձր է գնահատվել Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը»:
Լավրովը նաև շեշտեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի հարևաններն են, բարեկամ երկրներ, ստրատեգիական գործընկերներ, և Ռուսաստանը չի կարող անտարբեր լինել այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է այս երկրներում:
ՌԴ արտգործնախարարը նաև նկատեց, որ իրենք արել են հնարավորինը հակամարտության ռազմական փուլը դադարեցնելու համար, ինչից հետո կողմերը համաձայնվել են նստել բանակցությունների. հենց այդ ժամանակ էլ ստեղծվել է համանախագահների ինստիտուտը:
«Այս տարիների ընթացքում համանախագահները դուրս չեն եկել այն բոլոր սկզբունքներից, որոնք հաստատվել են ի սկզբանե, և գործել են միայն ու միայն այդ սկզբունքների շրջանակում»,- շեշտեց Լավրովը:







































