Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Amnesty International (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կազմակերպել է ադրբեջանական իշխանությունների վրա ճնշում գործադրելու կամպանիա՝ ազատ արտահայտվելու իրավունքը հարգելու պահանջով:
AI-ի տարածած հայտարարության մեջ նշված է, որ Եվրոպայի բոլոր երաժիշտներին, ներառյալ «Եվրատեսիլ»-ի նախորդ բոլոր հաղթողներին, կոչ է արվում մասնակցել այդ կամպանիային, որը մեկնարկելու է ապրիլի 2-ին Twitter և Facebook սոցցանցերով: Կամպանիայի մասնակիցները մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակման միությանը կոչ են անում անել ամեն անհրաժեշտ բան՝ ստիպելու համար Ադրբեջանի իշխանություններին հարգել մարդու իրավունքները:
AI-ի ներկայացուցիչ Մաքս Տակերը հայտարարել է. «Եվրատեսիլ» մրցույթն իրենից ենթադրում է խոսքի և մամուլի ազատություն: Սակայն Ադրբեջանը շարունակում է Եվրոպայում մնալ խոսքի և մամուլի ազատության տեսանկյունից ամենավատթար երկրներից մեկը: Շարքային ադրբեջանցիներն արդեն 20 տարի է, ինչ զրկված են ազատ արտահայտվելու հնարավորությունից և ապրում են վախի մթնոլորտում: Առաջիկա կամպանիային իրենց մասնակցելն արդեն իսկ հաստատել են Դանիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Ուկրաինան և Մեծ Բրիտանիան, ինչպես նաև առանձին երաժիշտներ Բուլղարիայից, Գերմանիայից և բուն Ադրբեջանից»:
Մաքս Տակերը հավելել է, որ Ադրբեջանի իշխանությունները միլիոնավոր դոլարներ են ծախսել «Եվրատեսիլ 2012»-ը հաջող անցկացնելու համար:











































