Հունվարի 17-ի դրությամբ ԱՊՊԱ կտրոններ ունեն 265 հազար մեքենաներ, որոնք կազմում են հաշվառված ավտոմեքենաների մոտ 65%-ը: Այս մասին երեկ կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԲ ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչության պետ Վահե Վարդանյանը:
Ըստ նրա` հաշվի առնելով, որ հիմա օրական 7-10 հազար ԱՊՊԱ նոր պայմանագրեր են կնքվում, կարելի է ենթադրել, որ առաջիկայում հաշվառված մեքենաների 80-85%-ը ԱՊՊԱ պայմանագրեր կունենան, ինչը միջազգային փորձի տեսակետից առաջին տարվա համար համարվում է բավականին լավ ցուցանիշ: Այսինքն` այն ենթադրությունները, թե ավտոօգտագործողները մինչև վերջ կդիմադրեն և չեն կնքի ԱՊՊԱ պայմանագրեր, այնքան էլ ճիշտ չէին: Ղազախստանում, օրինակ, այս համակարգը ներդնելուց հետո անմիջապես կեղծ կտրոններով մեքենաներ հայտնվեցին, որոնց թիվը հասնում էր մինչև 40%-ի: Այս տեսակետից էլ, փաստորեն, մենք լուրջ խնդիրներ չունեցանք և դժվար թե ունենանք: Սակայն նույնը չի կարելի ասել այս համակարգում ոստիկանության դերի հետ կապված հարցերի վերաբերյալ: Միևնույն է, կոռուպցիոն ռիսկերն այստեղ էական են լինելու:
Նախ պետք է շեշտել, որ ապահովագրական պատահարի ժամանակ մեղավոր կողմը ճանապարհատրանսպորտային ոստիկանության կողմից ենթարկվում է պատասխանատվության` խախտում կատարելու համար: Ցանկացած պատահար ենթադրում է մեղավոր կողմի առկայություն, ցանկացած մեղավորություն ենթադրում է որոշակի կարգի խախտում, որն էլ ենթադրում է որոշակի տուգանքներ` օրենսդրությամբ սահմանված կարգով: Ամենացածր տուգանքը սկսում է 30 հազար դրամից, իսկ, օրինակ, ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարելը տուգանվում է մոտ 200 հազար դրամով: «Մեծ վնասների դեպքում, իհարկե, տուժողը պետք է հատուցում ստանա, իսկ մեղավորը, բացի մեղավորության նկատմամբ ապահովագրություն ունենալուց, պետք է նաև օրենսդրությամբ նախատեսված համապատասխան վարչական տուգանքներ վճարի», – ասում է Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը: Ստացվում է, որ, օրինակ, ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարելու դեպքում երրորդ կողմին, դիցուք, 210 հազար դրամի վնաս պատճառելիս մեղավոր կողմը, բացի ԱՊՊԱ-ի համար իր վճարած 40 հազար դրամից, ևս 200 հազար դրամ տուգանվելու է: Այսինքն` ԱՊՊԱ համակարգի գործունեության պայմաններում նա այդ պատահարի փոխհատուցման դիմաց կծախսի 250 հազար դրամ` գումարած այն, որ հաջորդ տարվա ԱՊՊԱ-ն նրա համար ավելի թանկ կլինի: Մինչդեռ առանց ԱՊՊԱ համակարգի` նա կվճարեր տուժողին 210 հազար դրամ, և գործը դրանով կփակվեր: Սա խիստ տեսական օրինակ է, սակայն ցույց է տալիս, որ 200 հազար և ավելի տուգանքներ նախատեսող խախատումների դեպքում մեղավոր կողմը կրկնակի ծախսի տակ է ընկնում` մի կողմից նա բավականին լուրջ տուգանքներ է վճարում, որը կարող է և ավելին լինել, քան պատահարի հետևանքով պատճառված վնասը, մյուս կողմից էլ` մեծանում է հաջորդ տարվա համար ԱՊՊԱ-ի ձեռքբերման գինը: Այնպես որ, մեղավոր կողմ լինելը այս ԱՊՊԱ համակարգի գործունեության պայմաններում կարող է շատ ավելի մեծ գլխացավանք լինել, քան թվում է առաջին հայացքից: Հնարավոր է, որ պատահարի պատճառած վնասից մեծ տուգանքների պարագայում կողմերը պայմանավորվեն և ապահովագրական ընկերություններին չզանգեն: Բայց սա էլ դեռ մեդալի մի երեսն է միայն: Մեղավոր կողմի ճանաչման նշանակության նման բարձր աստիճանն է, որ ոստիկանության դերը ավելի է մեծացնում: Չէ՞ որ ոստիկանությունն է որոշում մեղավորին: Եվ հենց այստեղ է, որ թաքնված է շան գլուխը: Իրականում մեղավոր կողմին, ինչու չէ նաև նրա ապահովագրական ընկերությանը չափազանց ձեռնտու կլինի տուժող կողմին մեղավոր գրել տալը` բնականաբար համապատասխան «վերաբերմունքի» դիմաց: Իսկ մենք գիտենք, որ ունենք աշխարհի ամենաարդար և անկաշառ ուստիկանական համակարգը: Իսկ եթե լուրջ, ապա կարող ենք ասել, որ մեր ճանապարհատրանսպորտային ոստիկանության հետ «չպայմանավորվել» ուղղակի անհնար է: Կարելի էր, իհարկե, այնպիսի ԱՊՊԱ համակարգ ներդնել, որ մեղավորության որոշման կարևորությունը այսքան մեծ չլիներ, կամ կողմերի` դրանով շահագրգռվածության աստիճանը այսքան մեծ չլիներ: Բայց այս համակարգի պարագայում, թերևս, պետք է կանխատեսել կոռուպցիոն մեծ ռիսկեր ու դատական քաշքշուկներ: Այնպես որ, հաշվառված մեքենաների 65%-ի ապահովագրվածության հանգամանքով չպետք է բավարարվել, քանի որ ամեն ինչ դեռ առջևում է:
Հրայր Մանուկյան, «Ժամանակ» օրաթերթ









































