Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Դեմոկրատական շարժում – Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն անթույլատրելի է համարել ՆԱՏՕ-ին Վրաստանին անդամակցելու դիմաց Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչումը.
«Վրաստանը ոչ մի դեպքում չպետք է համաձայնի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչմանը, եթե անգամ դա նախապայման լինի ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին: Ես չեմ կարծում, թե հանուն ՆԱՏՕ-ին անդամակցելու մենք պետք է հրաժարվենք վրացական տարածքներից: Ես չեմ կարծում, որ պետք է ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Ազգային-դեմոկրատական ինստիտուտը (NDI) փետրվարի 22-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում անցկացրել է հարցախույզ, որին մասնակցել է 3161 մարդ: Հարցախույզի մասնակիցների 70 տոկոսն աջակցել է ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարին:
33 տոկոսը դեմ էր արտահայտվել մի շարք ընդդիմադիր կուսակցությունների առաջարկած այն տարբերակին, թե Վրաստանը պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելուց՝ Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի վերադարձման դիմաց: 26 տոկոսի համար դա ընդունելի էր եղել, իսկ 40 տոկոսը չէր կարողացել կողմնորոշվել տվյալ հարցում:









































